ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար. հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով մի դետալ, որն այսօր խանգարում է Ադրբեջանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։ Խանգարող հանգամանքը կազմակերպության կանոնադրության որոշ կետերն են, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պիտի դիվանագիտական հարաբերություններ ունենան իրար հետ, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այժմ նման հարաբերություններ չկան։ Ադրբեջանին ՀԱՊԿ-ում տեսնելու քայլերը սկսվել են դեռեւս 2015 թ.: Այդ թվականներին կար ղարաբաղյան խնդրի Լավրովյան պլանը, որը նախատեսում էր ապաշրջափակում: Այդ պլանի դիմաց Ադրբեջանը, եթե ստանում էր տարածքները, ապա ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում իր անդամագրումն էր ապահովում: Հիմա կարծես այդ հարցը լուծված է։ Ռուսաստանը հասկացնում է Ադրբեջանին, որ նա իր ստանալիքը ստացել է, այժմ իր հերթն է քայլ անելու: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:








































