
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը իրենք կորոշեն բանակցությունների թեմաները, բայց երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ վերջնական պայմանավորվածություն չկա Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ, բայց եթե այն ձեռք բերվի, գագաթնաժողովը կարող է անցկացվել «եվրոպական դիվանագիտական մայրաքաղաքներից» մեկում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է՝ ամերիկյան կողմն ակնկալում է, որ երկու նախագահները կհանդիպեն առաջիկա շաբաթների ընթացքում:
«Օրակարգի վերաբերյալ առաջարկների պատրաստումը գագաթնաժողով անցկացնելու ամերիկյան նախաձեռնության ուսումնասիրման գործընթացի մի մասն է: Ի վերջո, առաջնորդներն իրենք են որոշելու գագաթնաժողովին քննարկման թեմաները»,- ասել է Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում:
ՌԴ նախագահը բազմիցս շեշտել է իր պատրաստակամությունը՝ դիտարկելու և լուծելու երկկողմ օրակարգի ցանկացած հարց, ինչպես նաև համատեղ աշխատելու` գլոբալ խնդիրների, տարածաշրջանային հակամարտությունների և ճգնաժամերի լուծման համար, նշել է նախարարը:
«Հիմնականն այն է, որ երկխոսությունը պետք է հիմնված լինի հավասարության, փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»,- հավելել է Լավրովը: