Այսօր՝ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցում սկսվել են 18 կրպակների ապամոնտաժման աշխատանքները:
Համայնքի աշխատակիցներն արդեն հասցրել են 4 կրպակ ապամոնտաժել, սակայն, կրպակների աշխատողների, Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և իրավապաշտպանների ճնշմամբ, ապամոնտաժման աշխատանքները դադարեցրել են։
Կրպակների աշխատողները և պատգամավորները նստել են Փափազյան փողոցի մեջտեղում, սակայն կարմիր բերետավորները, քաշքշելով կանանց, հեռացրել են փողոցի մեջտեղից: Այս պահին կրպակների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են:
Քիչ առաջ վատացել է կրպակներից մեկի աշխատակցուհու և «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի ինքնազգացողությունը, որոնց առաջին օգնության են հասել «Շտապ օգնության» բժիշկները։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները տեղում ուսումնասիրում են կրպակների ապամոնտաժման օրինականությունը։










































