Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում փոփոխություն չի կրել։ Իրադրությունը շարունակում է մնալ լարված, որովհետև դեռ բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մոտավորապես 500-600 հոգի գտնվում է տարբեր հատվածներում։ Մեր զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը։ Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն անել առավելագույնը պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար և երկրորդը հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում, ինչի կարևոր վկայություններից է նաև այն, որ կառավարության նիստում ԱԳ նախարարության տեղը թափուր է, որովհետև վարչապետի պաշտոնակատարի խոսքով ԱԳՆ բոլոր գործընկերներն այս պահին օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով։









































