Հոկտեմբերին կայանալիք համապետական մարդահամարի համար անհրաժեշտ 2.5 մլրդ դրամից այսօր առկա է միայն 77.2%-ը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտնեց, որ 5 տարվա (2009-2013 թթ.) կտրվածքով անհրաժեշտ գումարից 1.4 մլրդ դրամը (56%) հատկացվելու է պետբյուջեից, մնացածը տրամադրելու են միջազգային դոնոր կազմակերպությունները. ՀԲ-ը՝ 36 մլն դրամ, Նորվերգիայի կառավարությունը՝ 216.5 մլն դրամ, Իտալիայի կառավարությունը՝ 5.5 մլն դրամ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը՝ 74 մլն դրամ, Հնդկաստանի կառավարությունն աջակցում է համակարգչային հանդերձանքով և ծրագրային փաթեթներով (գնահատվում է 36 մլն դրամ), Շվեյցարիայի կառավարությունը՝ 152.8 մլն դրամ, ՄԱԿ փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակը խոստացել է 7.4 մլն դրամի աջակցություն տրամադրել:
«Կարևորագույն ծախսերի համար անհրաժեշտ գումարները կան: Ընդհանուր առմամբ, դոնորներից 528 մլն դրամի աջակցություն է սպասվում, և ընդհանուր բյուջեի կտրվածքով 570 մլն դրամի պակասուրդ կա, որը հաջորդող աշխատանքների կտրվածքով է»,- ասաց Կ.Կույումջյանը`հավելելով, թե ենթադրվում է, որ պակասուրդի խնդիրը կլուծի ՀԲ-ն ու կգտնի համապատասխան դոնորներ:
Մարդահամարի ողջ աշխատանքները կավարտվեն մինչև 2013 թ. վերջը: Կ.Կույումջյանի խոսքով, նախապատրաստական աշխատանքները գնում են նախատեսված ընթացակարգերով. քաղաքներում և խոշոր գյուղերում փուլերով ընթանում են ցուցակագրման գործընթացները, յուրաքանչյուր տան, շինության վերաբերյալ տեղեկություններ են հավաքվում: Մարդահամարի համար նախատեսվում է մեծ թվով ժամանակավոր աշխատակիցներ ներգրավել: Յուրաքանչյուր հաշվարար պետք է հստակ իմանա իր տեղամասը: Կ.Կույումջյանը նշեց, որ տվյալները կհավաքվեն, և կենտրոնացված կարգով մշակումը կիրականացվի ԱՎԾ մարդահամարի վարչությունում:
Մարդահամարի հարցաթերթը կազմվել է ՄԱԿ-ի հանձնարարականներին համապատասխան: Այն պարունակում է 33 անհատական հարցեր, որոնք սակայն ոչ բոլորին են տրվում: Հարցերը խմբավորված են. կան հարցեր, որոնք վերաբերում են կանանց, 15-ից բարձր տարիքային խմբին, զբաղվածության բլոկը՝ 15-75 տարեկաններին: Հարցաթերթում կան տնային տնտեսության վերաբերյալ հարցեր՝ բնակության պայմաններ, սենյակների քանակ, համակարգչով ապահովվածություն, համացանցին միացած լինել, կոմունալ պայմաններ, աղբահանություն, արտերկրից ստացվող դրամական միջոցներ և այլն: Առաջին անգամ հարցաթերթը պարունակում է գյուղատնտեսության և ձկնաբուծության վերաբերյալ հարցեր, որոնք գյուղատնտեսության համատարած հաշվառման համար բազային ցուցանիշներ կլինեն: Ճշտվելու է նաև վերջին տարում ծնունդների և մահերի ՔԿԱԳ-երում գրանցումը: Աշխատանքի և սոցնախարարության կողմից հաշմանդամության վերաբերյալ հարց է ընդգրկվել:
«Առաջին նախնական-օպերատիվ տվյալները կներկայացնենք փետրվարին՝ հաշվառված բնակչության, բացակայողների թիվը, առանց որևէ ժամկետի և ժամանակավոր բնակիչների թվաքանակը: Հավանաբար, հոկտեմբերին առկա և մշտական բնակչության տվյալները կհրապարակենք ըստ մարզերի»,- ասաց Կ.Կույումջյանը:









































