Օգոստոսի 9-ին ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանների կողմից ծեծի ենթարկված և ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխված ՀԱԿ ակտիվիստներ Քիրամիջյան Դավիթը, Առաքելյան Տիգրանը, Գևորգյան Վահագնը, Գևորգյան Արեգը, Մուրադյան Սահակը, Կարապետյան Արտակը և Գևորգյան Սարգիսը (բոլորը նկարում), որոնց դեռևս ազատ չեն արձակել, տարածել են մի հայտարարություն, որում ասվում է հետևյալը
Քանի որ միջադեպին մասնակցել և իրենց նկատմամբ բռնություն են կիրառել «կարմիր բերետավորներ»-ն ու Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը չի կարող անաչառ քննել և պարզել միջադեպի մանրամասներն, ուստի ակտիվիստները պահանջում են, որպեսզի քննչական գործողություններն իրականացվի Հատուկ քննչական ծառայության կողմից:
Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների` օգոստոսի 9-ի երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում ՀԱԿ ակտիվիստ երիտասարդները մոտեցել են Երևան քաղաքի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս զննելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են նրանցից հիմնավորել իրենց գործողությունները, իսկ կարմիր բերետավորներն ու ոստիկանները հարձակվել են նրանց վրա, ծեծի ենթարկել և տարել Կենտրոնի ոստիկանության բաժանմունք:
Նկարը վերբեռնել Է Սարգիս Գևորգյանն իր բջջային հեռախոսով









































