
Մայիսի 12-ին Հայաստան կայցելի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վրաստանի վարչապետը Հայաստան է գալիս օրերս Բաքու կատարած պաշտոնական այցից հետո։ Այնտեղ նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա` վարչապետ Ալի Ասադովի հետ։
Խոսելով այս հանդիպման մասին, Ալիևն ասել էր, որ քննարկման հիմնական թեմաներից մեկը տարածաշրջանի ապաշրջափակման ու համագործակցության նոր ձևաչափերի հարցն է եղել։
«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս հիշեցրեց, որ այս այցին նախորդել է Բաքու կատարած այցը, ինչը վկայում է, որ տարածաշրջանում ակտիվ զարգացումներ են տեղի ունենում. «Դուք գիտեք նաև, որ կա մեր հարևանների նախաձեռնությունը՝ 3+3 և այն ակտիվորեն քննարկվում է։ Բնական է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց տնտեսական հնարավորությունների չափով կարևորում են հարևանների հետ համագործակցությունը։ Հիմա դրա հնարավորություններն ավելի շատ են, քան նախկինում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ու Վրաստանի, նաև Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգացում են ապրում։ Դա նկատելի է կատարվող այցերից, տարբեր հարցերի քննարկումներից։ Համենայնդեպս հիմա շատ ավելի ակտիվ իրավիճակ է, քան նախկինում»։
Առնոլդ Ստեփանյանը միևնույն ժամանակ չի կարծում, որ Վրաստանը որևէ կողմին նախապատվություն կտա.«Բալանսը կարևոր է։ Եվ սա պատճառն այն չէ, թե մի կողմը Վրաստանին դուր է գալիս, մյուսը՝ ոչ։ Բալանսը պահելով դու կարողանում են ավելի ինքնուրույն լինել, կախված չլինել որևէ կողմից։Ինչքան շատ հարևան ու գործընկեր ունենաս, այնքան կախվածությունդ էլ ավելի քիչ կլինի։ Իհարկե Վրաստանի համար շատ կարևոր է պահպանել հարևանների հետ բալանսավորված հարաբերությունները և կախված չլինել մեկ-երկուսից։ Բնականաբար Վրաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների մակարդակը գերազանցում է Հայաստանի հետ ունեցած տնտեսական հարաբերություններից, բայց պատճառն այն է, որ Ադրբեջանի տնտեսությունը շատ ավելի ուժեղ է, քան հայկականը։ Նկատի ունեմ թե՛ բնականար ռեսուրսները և թե՛ Թուրրքիայի հետ հարաբերությունները, բնակչության թիվը ու շատ այլ հարցեր։ Վրաստանը սակայն պետք է ադեկվատ հարաբերություններ ունենա Հայաստանի հետ, քննարկի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Հայաստանի աշխարհագրությունը կարող է օգտագործվել որպես միջանցք՝ դեպի Պարսից ծոց։Սա շատ հետաքրքիր տարբերակ է, եթե Հայաստանը դրան պատրաստ լինի։ Եվ խոսքը միայն քաղաքական պատրաստության մասին չէ, կոմունիկացիները պետք է ևս բարելավվեն։ Ամենաէլեմենտար բանն ասեմ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհն այդպես էլ ավարտին չհասցվեց, դա իհարկե դժվարացնում է տրանզիտի հնարավորությունններն ու խնդիրներ առաջացնում։Հիմա, երբ Վրաստանի վարչապետը գալիս է Հայաստան, նախքան այն, որ խոսենք, թե ինչքանով է Վրաստանը պատրաստ բարելավվել հարաբերությունները, պետք է սեփական հարցերը ևս կարգավորել, պատրաստ լինել ստանալ գումարներ՝ սեփական աշխարհագրության միջոցով»։
Խոսելով այն մասին, որ Վրաստանում որոշ շրջանակների կողմից կա դժգոհություն Թուրքիայից ու Ադրբեջանից շատ կախվածության հետ կապված, Առնոլդ Ստեփանյանն արձագանքեց.«Ես հենց դա էլ նշում եմ՝ չի կարելի կախված լինել այս կամ այն երկրից։ Եվ սա վերաբերում է բոլոր երկրներին, ոչ միայն Վրաստանին։ Վրաստանի հնարավորությունները սահմանափակ են՝ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների պատճառով և բնական է, որ Թբիլիսին կուզենար տնտեսական հարաբերություններ զարգացնել այլ երկրների հետ ևս։ Տվյալ դեպքում հարցը կոնկրետ Թուրքիային չի վերաբերում, այլ այն հարևանների հետ հարաբերություններին, որից Վրաստանը ունի որոշակի կախվածություն։ Իհարկե ցանկացած երկիր՝ իր ինքնիշխանությունը պահպանելու համար ձգտում է տարբեր երկրների հետ համագործակցել, պահել հավասարակշռություն հարևանների հետ իր հարաբերությունների հարցում։ Հիմա եթե հարևան երկրները կարողանան պայմանավորվել կոմունիկացիաների ու այլ հարցերի շուրջ, դա շատ արագ դրականորեն կանդրադառնա տարածաշրջանային բոլոր երկրների քաղաքացիների վրա»։