«Այսօրվա հանդիպումը հիմնականում նվիրված էր Հայ ազգային կոնգրեսի կողմից իրենց հիմնավորումների, փաստարկների ներկայացմանը, ամենայն մանրամասնությամբ մենք լսեցինք դրանք և մեր նախնական կարծիքը հետևյալն է, որ դրանց մի մասը փաստեր են, մի մասը գնահատականներ»,- այսօր ՀԱԿ-իշխանություն երկխոսության շուրջ հինգ ժամ տևած չորրորդ հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ Կոնգրեսի ներկայացրած գնահատականների մասով իրենք ունեն տարբեր գնահատականներ, ինչ վերաբերում է փաստերին, Հարությունյանը նշեց, որ իրենց կարծիքով դրանց մի մասը ճշգրիտ չի ներկայացված, իսկ մյուս մասի հիման վրա կատարվող եզրակացությունները ևս ճշգրիտ չեն. «Մենք պատրաստվում ենք մյուս հանդիպման ժամանակ ներկայացնել մեր գնահատականը ներկայացված փաստարկներին և հիմնավորումներին»:
Դավիթ Հարությունյանը նաև անդրադարձավ անցած հադիպման ժամանակ ՀԱԿ-ի կատարած հայտարարությանը, նշելով, որ իրենց պատվիրակությունն ինչպես և խոստացել էր՝ կատարել է համապատասխան ուսումնասիրություն. «Ինչ վերաբերում է Նաիրի կինոթատրոնի մերձակայքում տեղի ունեցած միջադեպին, ապա դրա հետ կապված ընթանում է հետաքննություն, իսկ տրանսպորտի հետ կապված մենք ներկայացրինք որոշակի տարակուսանք, քանի որ փաստաթղթում ներկայացված են իրարամերժ տեղեկություններ՝ միաժամանակ նշված էր, որ տվյալ մարզից Երևան տրասպորտ չի եղել, մեկ այլ տեղ նշված էր թե եղել է»:
Այդուամենայնիվ, Հարությունյանը նշեց, որ որոշ դեպքեր եղել են, երբ տրասպորտը չի աշխատել ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ժամանանակ, ինչի կապակցությամբ գործադիր իշխանությունը ձեռնարկել է վարչական վարույթ. «Ավելին, մենք երաշխավորեցինք, որ հաջորդ հանրահավաքի օրը մենք ևս մեր կողմից կիրականացնենք մոնիտորինգ, որպեսզի տեղեկատվությունը լինի հնարավորինս ճշգրիտ»:
Հարությունյանը նաև ընդգծեց, որ գործադիր իշխանությունն էլ քայլեր կձեռնարկի, որպեսզի աշխատանքի որևէ խափանում չլինի:









































