Մի քանի ամիս է, ինչ նախագահ Ջո Բայդենը նախագահ է, և խոսվում է այն մասին, որ նա՝ որպես նախագահ, հնարավոր է՝ կիրառի «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես սենատոր եղած տարիներին, մենք սպասում ենք, որ դա տեղի կունենա: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը՝ հավելելով, որ այս անգամ իրենք մեծ հույսեր ունեն:
«Երբ ԱՄՆ-ն՝ աշխարհի ամենահզոր երկրներից մեկը, հաստատում է, որ Ցեղասպանություն է եղել, կարևոր է և՛ ամերիկացիների, և՛ հայերի համար: Հայերի համար կարևոր է, որ մեկ անգամ ևս հաստատվի, որ ոչ թե 30 երկիր է ընդունում Ցեղասպանության իրականությունը, այլ 31 լինի:











































