Չեխիայի կառավարությունը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան հանել է «Դուկովանի» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման համար հայտարարված տենդերից: Այդ մասին հայտարարել է Չեխիայի փոխվարչապետ, Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Կարել Հավլիչեկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տենդերին կհրավիրվեն ընկերություններ Ֆրանսիայից, Հարավային Կորեայից և ԱՄՆ-ից: Նրանց անվտանգության հետ կապված հարցաթերթիկ կուղարկվի, որին նրանք պետք է պատասխանեն: Ռոսատոմն այն չի ստանա: Այս որոշումը կայացրել է կառավարությունը»,- ասել է Հավլիչեկը:
«Ռոսատոմ»-ին բացի ուղղակի մասնակցությունից կարգելվի նաև շինարարությանը մասնակցել որպես ենթակապալառու: Պետական կորպորացիայից հայտնել են, որ Չեխիայի իշխանությունների որոշումը համարում են ոչ շուկայական և քաղաքականապես կողմնակալ:
«Ռոսատոմ»-ը նաև նշել է, որ տենդերին մասնակցության արգելքն առաջին հերթին հարվածելու է չեխական արդյունաբերությանը, քանի որ ռուսական կորպորացիայի պայմանագիրը տեղական ընկերությունների ակտիվ մասնակցություն էր ենթադրում: