Standard & Poor’s գործակալության կողմից պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ վարկային վարկանիշի իջեցումը 1 աստիճանով՝ AAA-ից AA+, որոշակի անհանգստություն կբերի հայկական շուկայում և, հավանաբար, դոլարը կրկին կզիջի դիրքերը մեր հայկական դրամին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը՝հավելելով, որ, այնուամենայնիվ, դոլարը դիրքերը շատ չի զիջի՝ մոտ 2 դրամ, և ՀՀ արժութային շուկայում վաճառքի գինը կգտնվի 367-371 միջակայքում:
Մ. Վերդյանի խոսքով՝ եվրոյի նկատմամբ սպասումներն ուղղված են վեր. եվրոն կամրապնդվի դրամի նկատմամբ ու կհասնի մոտ 550 դրամի: ԱՄՆ-ում վաղը կարևոր իրադարձություններ են սպասվում՝ քննարկվելու է տոկոսադրույքների խնդիրը, տեղի է ունենալու ԱՄՆ նախագահի մամլո ասուլիսը: Վերլուծաբանի կարծիքով, տոկոսադրույքները կմնան 0-0.25-%-ի շրջակայքում: Շրջանառվում են խոսակցություններ, որ Նահանգները սկսելու է նորից տնտեսություն ներարկել դոլարներ: Եթե վաղը այդ սպասումները հաստատվեն, դոլարը նորից թափ կհավաքի ու մինչև շաբաթվա վերջ ՀՀ դրամի նկատմամբ կամրապնդվի:
«Ընդհանուր առմամբ, ՀՀ տնտեսության վրա S&P-ի որոշման ազդեցությունը խիստ չի լինի: Չնայած առաջին անգամ է ԱՄՆ վարկանիշն ամենաբարձր մակարդակից իջել 1 կետով, կարծում եմ՝ դոլարը և ԱՄՆ տնտեսությունը դեռ կմնան համաշխարհային ասպարեզում առաջատար դիրքերում»,- ասաց Մ.Վերդյանը՝ պարզաբանելով, որ դա պայմանավորված է նաև նրանով, որ ԱՄՀ-ի միջազգային պահուստների 60.1 %-ը դոլարային զանգվածն է, իսկ այդ ծավալը փոքրացնելու համար տասնյակ տարիներ են պետք. «Ըստ այդմ, մեծ ցնցումներ մեր տնտեսության վրա կամ բիզնեսում չենք ակնկալում»:










































