Ռոբերտ Քոչարյանի դեմ մարտիմեկյան քրգործի կարճումը, իհարկե, զարմանալի կամ անսպասելի չէ այն որոշումից հետո, որ օրեր առաջ կայացրեց Սահմանադրական դատարանը՝ 300.1 հոդվածը համարելով հակասահմանադրական: Դրան հաջորդող տրամաբանական որոշումը լինելու էր քրգործի կարճումը: Իրավականորեն ինչ շարունակություն կարող է ունենալ գործընթացը, կասեն իրավաբանները: Կլինի մեղադրանքի վերաորակավորում, նոր մեղադրանքի ներկայացում՝ այլ հատկանիշով, թե՞ նոր քաղաքական իրավիճակում մարտիմեկյան գործը կփոխզիջվի ավելի կարևոր որոշումների կամ համաձայնությունների, որոնք նշանակալի են Հայաստանի պետականության ու անվտանգության հեռանկարների տեսանկյունից: Այդ ամենը գնահատելն իսկապես բարդ է, քանի որ դրա համար պահանջվում է խորհրդապահական տեղեկատվություն, ինչը մեր ձեռքի տակ գոյություն չունի: Առաջիկա զարգացումները թույլ կտան կռահել տեղի ունեցողի տրամաբանությունը հետահայաց, պարզ կլինի ժամանակի ընթացքում: Քաղաքական առումով հետաքրքրության է արժանի այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ տեղի ունեցող զարգացումները փաստորեն ծավալվեցին արտահերթ ընտրության շուրջ քաղաքական համաձայնությանը զուգահեռ, և բավականին արագ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Աղասի Մարգարյանի ու սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանի հետ: