Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն վարչապետ Էրդողանին, որը պատրաստվում է Դամասկոս գործուղել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, զգուշացրել է Սիրիայում ռազմական միջամտության կապակցությամբ.
«Նրանք Թուրքիային հարկադրում են ակտիվ դերակատարություն ունենալ Սիրիայում ռազմական միջամտության հարցում։ Եթե որևէ երկրի վարչապետը հայտարարում է, որ «իրենց համբերությունը հատել է», ապա դրան հաջորդում է ռազմական միջամտությունը։ Սակայն ի՞նչ հիմնավորմամբ եք իրականացնելու ռազմական միջամտությունը։
Արտաքին քաղաքականությունը հենվում է երկրի շահերի վրա։ Արևմուտքում ինքնիշխան երկրներն այսօր պատերազմում են, իսկ վաղը՝ միմյանց ձեռք սեղմում։ Նրանք Սիրիայի հարևանը չեն, ինչը չի կարելի ասել մեր պարագայում։
Սիրիական ժողովուրդը չի մոռանա դավաճանությունը։ Թուրքիան ռազմական միջամտության հարցում պետք է ընտրի սեփական դերակատարությունը։ Մենք պետք է պատմությունից դասեր քաղենք։ Չպետք է կրկնել սխալները։ Եկեք օգնենք Սիրիային՝ ավելի ժամանակակից երկրի վերափոխվելու, աջակցենք նրան, որ նա արևմտյան ինքնիշխան ուժերի ձեռքում չվերածվի խաղալիքի։ Եկե՛ք չխառնվենք ռազմական միջամտության խնդրին։
Եթե Սիրիայում իրականացվի ռազմական միջամտություն, ապա դրա պատասխանատվությունը կընկնի արևմտյան ինքնիշխան երկրների վրա։ Դա բոլորին է հայտնի։ Սիրիան շատ կարևոր երկիր է Մերձավոր Արևելքում»։
Հիշեցնենք, որ Սիրիայում ժողովրդական հուզումների սկսվելուց հետո պաղեստինցի քաղաքագետ Թահսին Հալյաբին հայտարարեց, որ Սիրիան Մերձավոր Արևելքի այն բացառիկ երկիրն է, առանց որի հետ դաշինքի՝ Թուրքիան, Իրանը կամ Եգիպտոսը չեն կարող հանդիսանալ տարածաշրջանային երկրներ:










































