Արտահերթ ընտրությունը իբրև ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծում դիտարկելը, անկասկած, ունի մի շարք բաղադրամասեր: Եթե արտահերթ ընտրությունը Հայաստանում դառնալու է այսպես ասած փողոցային քաղաքականության ավարտ, փողոցից ինստիտուտներ քաղաքական գործընթացների անցում, ապա դա, լինելով ողջունելի, չի լինի էֆեկտիվ, եթե շարունակվի փողոցային հռետորաբանությունը: Ավելին, մենք կստանանք առավել խեղված պատկեր՝ ինստիտուցիոնալ քաղաքական գործընթացներ, քաղաքական ինստիտուտներ, բայց փողոցային հռետորաբանությամբ և տրամաբանությամբ: Իսկ այն հռետորաբանությունը, որ կա այժմ, փողոցային որակելը նույնիսկ մեղմասացություն է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ: