Խոսելով երեխաների շրջանում տարածված ալերգիայի հիմնական դրսևորումների մասին՝ Արաբկիրի բժշկական համալիրի երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ նորածինների մոտ ընդհանուր ալերգիայի տեսակներից է հաճախ դիտվող դիաթեզը, որն արտահայտվում է երեխաների այտերի վառ արտահայտված կարմրությամբ, մաշկի չորացմամբ: Նա խորհուրդ տվեց ճիշտ սնուցել մաշկը, այն փափկացնել ու խոնավացնել, երեխաներին տալ մանկական ճիշտ սնունդ: Նրա խոսքով, դա վկայում է այն մասին, որ այդ երեխան հետագայում հակված կլինի ալերգիկ ռեակցիաների:
«Ներկայում յուրաքանչյուր երեք երեխայից մեկը տառապում է ալերգիկ ռեակցիայով: 2015 թ. արդեն ամեն երկրորդը կարող է ունենալ ալերգիա»,- ասաց մանկաբույժ-ալերգոլոգը՝ շեշտելով, որ երեխաներին ալերգիկ դրսևորումներից պաշտպանելու, ալերգիաներից զերծ պահելու հիմնական միջոցը մայրական կաթով սնուցումն է:
Ինչ վերաբերում է երեխաների շրջանում հատկապես մանկական խաղալիքներից առաջացող ալերգիաներին, ապա դրանց առաջացման հիմնական հարուցիչը, ըստ Ա. Բաղդասարյանի, լատեքսն ու փոշու տիզն են, որը մեծ քանակությամբ պարունակվում է խաղալիքների մեջ: Նա խորհուրդ տվեց երեխաների համար գնել միայն սերտիֆիկացված խաղալիքներ:
Նրա խոսքով, երեխաները հատկապես խոցելի են դառնում ամռան շոգերին, քանի որ քրտինքից կարող է առաջանալ եղջերացան: Ցանից խուսափելու համար նա առաջարկեց հնարավորինս հաճախ լողացնել երեխաներին ու հետևել հիգիենայի կանոններին:








































