Այսօր Ճապոնիայում նշվում է 1945թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ կողմից ճապոնական Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբակոծության տարելիցը: Ռմբակոծության հետևանքով մահացել էր 145 հազար մարդ, հարյուր հազարավոր մարդիկ տառապել են տարբեր հիվանդություններով: Օգոստոսի 9-ին ատոմային ռումբ էր նետվել նաև Նագասակի քաղաքի վրա:
Այս տարի Հիրոսիմայի ռմբակոծության տարելիցը նշելիս քաղաքային զբոսայգում, որը կոչվում է «Խաղաղության զբոսայգի», հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ, 66 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ դիվանագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԵՄ-ից և այլն:
Ելույթի ժամանակ Հիրոսիմայի քաղաքապետ Կադզումի Մացուին կոչ է արել միջազգային հանրությանը հասնել միջուկային զենքի իսպառ վերացմանը, իսկ Ճապոնիայի իշխանություններին՝ վերանայել ատոմային էներգիայի օգտագործման քաղաքականությունը: «Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որպեսզի բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, որոնք շարունակում են միջուկային նյութերի փորձարկումները, ավելի ակտիվ ներգրավվեն այն գործընթացներին, որոնք կհանգեցնեն մահաբեր զենքի ոչնչացմանը»,- նշել է քաղաքապետը:











































