Ինչպես հաղորդում է УНИАН գործակալությունը Կիևի Պեչորայի շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի համար որպես խափանման միջոց ընտրել է կալանքի տակ վերցնելը:
Կալանավորման պաշտոնական առիթ են հանդիսացել «վկաների հարցաքննությանը խոչընդոտելը»: Ըստ РИА Новости գործակալության տվյալների` երկրի ներկայիս վարչապետ Նիկոլայ Ազարովի հարցաքննության ժամանակ Տիմոշենկոն սկսել է բարձրաձայն նրան մեղադրել կոռուպցիայի մեջ:
Դահլիճում գտնվող Տիմոշենկոյի կողմնակիցները վանկարկել են. «Ամոթ»: Իսկ կալանավորումը իրականացնելու համար դահլիճ են բերվել շուրջ 30 ոստիկան:
Նախկինում դատարանը մերժում էր մեղադրող կողմի կալանավորման վերաբերյալ բոլոր միջնորդությունները, սակայն Տիմոշենկոն վերջերս հայտարարեց, որ իրեն ձերբակալելու են մինչև օգոստոսի 24, քանի որ դա Նախագահ Յանուկովիչի ցուցումն է:
Տիմոշենկոյին մեղադրում են 2009 թ Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելու ժամանակ իրավասությունների գերազանցման մեջ:










































