ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 19-ին ընդունել է ՔՈԱՖ բարեգործական հիմնադրամի (Children of Armenia Fund) Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի «Բանավեճի ծրագրի» աշակերտներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին և այլնի:
Գիրք նվիրելու օրը՝ Պաշտպանը կարևորել է երեխաների կրթությունն ու հորդորել, որպեսզի երեխաները, երիտասարդները սիրեն գիրքը, և որ մանկավարժները խրախուսեն գիրք կարդալը:
Արման Թաթոյանը նշել է, որ բարձր արժեքային համակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող քաղաքացին է վաղվա ապագան:
Մարդու իրավունքների պաշտպանին երեխաներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքներին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից նաև հայտնում են, որ ավելի վաղ ճանաչողական այցեր են կազմակերպվել նաեւ ՔՈԱՖ հիմնադրամի Դալարիկ, Գետաշեն եւ Քարակերտ համայնքների երեխաների համար:
Գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Տոնն արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից:
Գիրք նվիրելու օրվա շրջանակում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:










































