ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Բելառուսի 43 քաղաքացիների նկատմամբ՝ ի պատասխան «Բելսատ» հեռուստաալիքի երկու լրագրողուհիների բանտարկության, լրագրողների ու իրավապաշտպանների խուզարկությունների և Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ զանգվածային ցույցերը ճնշելու ժամանակ տեղ գտած մարդու իրավունքների այլ խախտումների: Այս մասին հաղորդվում է Պետդեպարտամենտի կայքում:
Ցուցակում ընդգրկված անձանց անունները, որոնց արգելվելու է մուտք գործել ԱՄՆ, չի նշվում, բայց պարզաբանվում է, որ նրանց թվում են «արդարադատության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ղեկավարներ և շարքային աշխատակիցներ, որոնք ձերբակալել և բռնություն են գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվում նաև այն դատավորների և դատախազների նկատմամբ, որոնք մասնակից են ցուցարարների և լրագրողների դատապարտմանը, ինչպես նաև «ուսումնական հաստատությունների վարչակազմերի այն աշխատակիցների, որոնք սպառնացել են խաղաղ ցույցերին մասնակցած ուսանողներին»:










































