Հայաստանի տնտեսությունը մտնում է վերականգնման փուլ, հայտարարել է վարչապետ Փաշինյանը կառավարության փետրվարի 17-ի նիստում, համեմատելով որոշակի տվյալներ նախորդ տարվա փետրվարի հետ: «Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քանի նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Իսկ դրամաշրջանառությունը, նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ՝ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 միլիարդ դրամով»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը: Դա, անկասկած, ողջունելի ցուցանիշ է, սակայն հաստատապես ոչ բավարար: Հաշվի առնելով այն, թե Հայաստանի տնտեսությունն ինչպիսի ծանրաբեռնվածության տակ է մտել ոչ միայն կորոնավիրուսի, և նույնիսկ ոչ այնքան կորոնավիրուսի, որքան պատերազմի հետևանքով, տնտեսության վերականգնում ասվածը պահանջում է տեմպերի գերարագացում և մասշտաբների ընդլայնում: Այլ կերպ ասած, Հայաստանի տնտեսությունը ներկայումս ունի խոշոր ներդրումային, ենթակառուցվածքային ծրագրերի անհրաժեշտություն: Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում խոսել էր պետական ֆինանսավորմամբ կապիտալ շինարարության ծրագրերի ընդլայնման մասին, որոնք կապահովեն նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ այլ ուղղություններով: Դա նվազագույնն է, որ պետք է ապահովել հնարավորինս արագ:
Սակայն անգամ դա բավարար չէ, հաշվի առնելով առկա իրողություններն ու ծանրաբեռնվածությունը: Հայաստանը հայտնվել է բացարձակապես նոր տնտեսական համակարգի պայմաններում՝ հաշվի առնելով այն, որ հայաստանյան տնտեսական համակարգը կառուցված է եղել հաշվի առնելով նաև ազատագրված տարածքների տնտեսական ռեսուրսները: Իհարկե, ոչ ամբողջությամբ, սակայն որոշակի իմաստով: Այժմ այդ տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, և ըստ էության փոխվել է Հայաստանի և Արցախի տնտեսական օրգանիզմը, հարկ է ձևավորել նորը, և որքան հնարավոր է արագ՝ հաշվի առնելով նաև այն, որ մեր կողքին ադրբեջանցիները արդեն փորձում են մեծ թափով կառուցել իրենց, այսպես ասած, օրգանիզմը: Մեզ թելադրվում է հերթական տնտեսական պատերազմը, և այս անգամ մեզ համար անբարենպաստ թե՛ ռեսուրսային, թե՛ հոգեբանական, մթնոլորտային պայմաններում: Այդ իրավիճակում Հայաստանը ընկղմված է ներքաղաքական ճահճում, որտեղ իշխանությունը փորձում է լուծել դիրքերը պահելու խնդիր, իսկ ընդդիմությունը զբաղված է «նպատակն արդարացնում է միջոցները» կամ «որքան վատ, այնքան լավ» տրամաբանությամբ թելադրվող գործունեությամբ: Այս իրավիճակը քայքայում է Հայաստանի և ընդհուպ համահայկական ռեսուրսը, որի առավելագույն համախմբումն ու գեներացիան պետք է լիներ, և պետք է լինի իրապես հիմնարար վերականգնման գործընթացի անկյունաքարը: Այդ խնդիրը պետք է դիտվի ներքաղաքական պայքարից վեր: Ավելին, դրա լուծման բանաձևի փնտրտուքն ու առավել ևս ձևակերպումը թերևս պետք է դառնան նաև չափորոշիչ ներքաղաքական պայքարի համար, որպես հանրային գնահատականի և, թերևս, որպես Հայաստանի վերածննդի խնդիրը լուծելու ունակ վերնախավի նշաձող:








































