«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
– Պարոն Ղուկասյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում է նաև Արցախի անկախության ճանաչման թեմային։ Նա նշում է, որ անհասկանալի է, թե ինչու իշխանությունները դա չարեցին պատերազմի օրերին, քանի որ նախկինում նշված պատճառը, թե դա կտապալի բանակցային գործընթացը, այլևս չկար։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարությունների շուրջ։
– Նախևառաջ հարկավոր է հասկանալ, թե ինչու Սերժ Սարգսյանը այս հարցազրույցը տվեց, և թե ինչու է հիմա պետության դեմ դավադրության մեջ մեղադրում Նիկոլ Փաշինյանին։ Վազգեն Մանուկյանը հրապարակել է իր գլխավորած շարժման մտադրությունը՝ բողոքի ակցիաներ անել Երևանում, այդ թվում նաև՝ հնարավորության դեպքում պետական շենքեր գրավել։ Սերժ Սարգսյանն իր կողմից այդ գործողությունների համար այդ հարցազրույցում փորձում է ստեղծել քաղաքական հենարան, որպեսզի մեր քաղաքացիները կա՛մ ներգրավվեն, կա՛մ լոյալ մնան այն գործողություններից, որ Վազգեն Մանուկյանն ու իր համախոհները նախատեսում են իրականացնել փետրվարի 20-ին։ Դուք ճիշտ նկատեցիք, որ այդ ծավալուն հարցազրույցի մեջ, որի առաջին մասը մենք հիմա մեկնաբանում ենք, գլխավոր թեզը Նիկոլ Փաշինյանին ներկայացրած մեղադրանքն է, որ նա պետության դեմ դավադրության մասնակից է, որ նա չի կատարել ակնհայտ քաղաքական քայլը, որը պարտավոր էր կատարել պատերազմի մեկնարկի ժամանակ։ Նաև հնչեց մեղադրանք, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ ունեցել է ստվերային բանակցություններ՝ շրջանցելով Մինսկի խմբի ձևաչափը։ Այդ ամենը ուղղված է իրավիճակը սրելուն ու քաղաքացիների մեջ հստակ պատկերացում ստեղծելուն Նիկոլ Փաշինյանի դերակատարության մասին՝ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։
– Դուք ևս բարձրացրել եք Արցախի անկախության ճանաչման հարցի անհրաժեշտությունը, իշխանությունն ինչո՞ւ չգնաց այդ քայլին, կա՞ր, օրինակ, Թուրքիայի գործոնը։
– Առ այսօր ողջամիտ բացատրություն, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց Արցախի անկախությունը՝ չկա։ Միջազգային իրավունքի գլխավոր սկզբունքներից մեկն է վեճերը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ադրբեջանը բացահայտ ու կոպտորեն խախտեց այդ սկզբունքը ու ձեռնարկեց ռազմական գործողություններ՝ իր կողմից հիմնավորելով, որ դա իրենից օկուպացրած տարածքների ազատագրման գործողություններ են, ու իրավիճակն այդ կերպ ներկայացրեց միջազգային հանրությանը։
Թուրքիան, լինելով Մինսկի խմբի անդամ պետություն, Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն ցուցաբերեց։ Սա է փաստացի վիճակը, որը Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում թողել է անհետևանք։ Եվ սա այն մեխն է, որում Նիկոլ Փաշինյանն արդարացիորեն մեղադրվում է։ Նա՝ որպես երկրի ղեկավար, որի իրավասության ներքո էին գտնվում այդ հարցերը, ցուցաբերել է անգործություն։ Այստեղ իսկապես Նիկոլ Փաշինյանն ունի խնդիր, պետք է տա բացատրություններ այդ հարցի շուրջ։
Առհասարակ, եթե մոտ ժամանակներում Նիկոլ Փաշինյանը չհրապարակի Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների դրույթները՝ համանախագահների առաջարկները, կստացվի, որ ինքն ընդունում է Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը։ Եթե նա փորձի իր սեփական մեկնաբանությունը ներկայացնել՝ դա հարցը կտանի ավելի մեծ անորոշության դաշտ։ Միակ գործողությունը, որ հիմա Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անել երկրում հնարավոր ցնցումները կանխելու համար, նշված փաստաթղթերի հրապարակումն է։ Քանի որ Սերժ Սարգսյանը բացեց պանդորայի արկղը ու հրապարակայնացրեց բանակցային գործընթացին առնչվող դրույթները, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրավունք, այլ նաև անհրաժեշտություն ունի այդ ամենը դարձնելու հրապարակային։ Նկատի ունեմ այն ամենը, ինչ Մինսկի խումբը մինչև սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում մշակել էր Արցախի հարցի կարգավորման շուրջ։ Ասեմ, որ այդ գործընթացին վերաբերող փաստաթղթերի որոշ մասն արդեն հրապարակային է։ Օրինակ՝ մինչև եռակողմ համանախագահության ձևավորումը, Մինսկի խմբի նախագահի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրագրությունը հրապարակված է ՄԱԿ-ի կայքում։ 1997-1998 թթ. համանախագահների կողմից երեք առաջարկները հրապարակել է ռուսաստանցի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ Նույնիսկ Հայաստանի խորհրդարանի կայքում այդ նյութերը հրապարակված են։ Հրապարակված են նաև 2002 թվականի Քի Ուեսթում բանակցություններին վերաբերող որոշ դրույթներ՝ մասնավորապես քարտեզներ, որտեղ երևում են, թե ինչ տարածքային փոխանակումների մասին էր խոսք գնում։ Հրապարակված է նաև 2007 թվականի Մադրիդյան սկզբունքների աշխատանքային փաստաթուղթը, որը 2007-ից մինչև 2011 թվականը բանակցվել է ու ավարտվել Կազանի հանդիպման ժամանակ։ Դա հրապարակել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։ Այսինքն՝ հանրության համար հասանելի է բանակցային գործընթացի զգալի մասը։ Այսօր եկել է ժամանակը հրապարակելու ամբողջը, և դրանից են կախված Հայաստանում ներքին կայունությունն ու քաղաքական իրադարձությունների հետագա զարգացումները։










































