Եվրոպական միությունը փետրվարի 10-ին Հայաստանին ծանուցել է ԵՄ անդամ 28 երկրներում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, ինչպես հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը: Սա անշուշտ նշանակալի իրողություն է Հայաստանի թե արտաքին քաղաքական, թե ընդհանրապես պետական կյանքում: Վերջին ամիսների, ծանր և պարտված պատերազմի ֆոնին այս տեղեկությունը թերևս հազվադեպ լավ և ոգևորող լուրերից է:
Միաժամանակ, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելու հանգամանքը նաև մարտահրավեր է Հայաստանին, որովհետև համաձայնագիրն ինքնին կախարդական փայտիկ չէ և չի բերելու Հայաստանի ինքնահոս կամ ավտոմատ արդիականացման: Համաձայնագիրը պահանջելու է աշխատանք, թե քաղաքական, թե դիվանագիտական, թե մասնագիտական առանձին ոլորտային ուղղությունների առումով: Ակնառու է, որ լինելու են Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրի տորպեդահարման փորձեր, այդ համաձայնագրի թե քաղաքական, թե տնտեսական էֆեկտիվության հեռանկարը արգելակելու փորձեր: Այդ փորձերի առաջնային շահառու են լինելու Արևելյան Գործընկերության ծրագրի մեկ այլ անդամ՝ Ադրբեջանը, և դրա վերադաս Թուրքիան: Ի վերջո, հենց Հայաստան-ԵՄ համապարփակ համաձայնագրում արցախյան հարցին վերաբերող դրույթներն էին նաև Ադրբեջան-ԵՄ քննարկումների խնդիրը, քանի որ այդ դրույթներում ԵՄ-ն արձանագրել է Արցախի հարցի լուծման Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի աջակցությունը, հակամարտության կարգավորումը տարածքային ամբողջության, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների շրջանակում դիտարկելու հանգամանքը:
Համաձայնագիրը ԵՄ անդամ երկրների համար ըստ էության ստանում է օրենքի, իրավական արձանագրման ուժ, հետևաբար այն էական փաստարկ է հայկական դիվանագիտության ձեռքին արցախյան հարցի նոր շրջափուլում, նոր իրողությունների պարագայում, որ ձևավորվել են պատերազմի՝ թուրք-ահաբեկչական ուժի կիրառման և Արցախի տարածքների օկուպացիայի հետևանքով: Միաժամանակ, համաձայնագրին խանդով է վերաբերել Ռուսաստանը, ինչի առիթով բավական է թերևս հիշել, թե ռուսական պետական հեռուստաեթերը ինչպիսի հակահայկական բովանդակությամբ հաղորդումների և քննարկումների շարք էր կազմակերպել հենց համաձայնագրի ստորագրման օրը՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Ռուսաստանի առնվազն մի շարք տնտեսա-քաղաքական շրջանակներ, որոնք շահեր ունեն Հայաստանում հին, հետադեմ համակարգի պահպանման հարցում, անելու են հնարավորը Հայաստանի արդիականացում թույլ չտալու համար, գտնելով դրա համար իրենց հայաստանյան ենթակա շրջանակների: Ընդ որում, այդ իմաստով գուցե ամենևին պատահական չէ և այն, որ հենց այս օրերին մի խումբ ուժեր հրապարակ բերեցին Ռուսաստանի հետ միավորման, իսկ ընդհուպ երկրորդ նախագահ Քոչարյանի մակարդակով՝ խորը ինտեգրացիայի օրակարգերը: Միևնույն ժամանակ, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պետք է լինի ոչ թե Հայաստան-Եվրամիություն օրակարգ, այլ լինի հենման կետ, հղման կետ ավելի ընդգրկուն օրակարգի ուղղությամբ քաղաքականության համար:








































