Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընգծվեց, որ խնդիրը բացառապես պետք է դիտարկվի հումանիտար իրավունքի շրջանակներում:
Բարձր գնահատելով լիտվական կողմի պատրաստակամությունը և գործադրած ջանքերը, Արման Բաբաջանյանը իր երախտագիտությունը հայտնեց դեսպանին` Լիտվայի խորհրդարանի Հայաստանի հետ միջխորհդարանական բարեկամական խմբի անդամների հայտարարության համար, որը Ադրբեջանին կոչ է անում արագացնել արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների աճյունների, ռազմագերիների ու պատանդների փոխանակումն ու նրանց վերադարձը Հայաստան:
Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն վերահաստատեց հայ-լիտվական հարաբերությունների բարձր մակարդակը՝ հայտնելով համագործակցության կայուն զարգացմանն աջակցելու լիտվական կողմի պատրաստակամությունը:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շարունակելու և ավելի խորացնելու երկկողմ փոխգործակցությունը:
Հանդիպման երկրորդ մասում անդրադարձ կատարվեց մեր երկրում դատական համակարգում հիմնարար բարեփոխոմներ իրականացնելու անհրաժեշտությանը: Քննարկում ծավալվեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական մի շարք հրատապ հարցերի վերաբերյալ:
Հանիդպմանը ներկա էին նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամներ Անի Եղիազարյանը, Արթուր Մանուկյանը, Ռուբեն Մեհրաբյանը և Հայաստանում Լիտվիայի Հանրապետության դեսպանության երկրոդ քարտուղար պարոն Էվալդաս Գալվանաուսկասը:








































