Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը փետրվարի 5-ին այցելել էր Հայաստանի պաշտպանության նախարարություն և հանդիպել նախարար Վաղարշակ Հարությունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռեգիոնալ իրողությունները, որ ստեղծվել են Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի հետևանքով:
«Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից»,- ասված է դեսպան Լաքոտի հետ նախարար Հարությունյանի ունեցած զրույցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ինչ է առաջարկում Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական բնագավառում գործակցությունը խորացնելու համար: Այդ առաջարկը ենթադրում է ռազմատեխնիկակա՞ն բովանդակություն, թե՞ այլ բնույթի, որն ավելի շատ կարող է պարունակել տեսական բովանդակություն:
Արցախի դեմ ահաբեկչական պատերազմից հետո Հայաստանի անվտանգային համակարգը գրեթե կազմալուծված է: Համենայնդեպս, այդ համակարգը ունի լրջագույն վերակառուցման և նաև վերափոխման անհրաժեշտություն: Մյուս կողմից, սակայն, այստեղ առկա է լրջագույն դիլեմա:
Բանն այն է, որ հայկական անվտանգային համակարգի, ասել է թե՝ նաև դրա առանցքում հայկական զինուժի վերափոխումը ենթադրում է ժամանակակից անվտանգային տեխնոլոգիաների և կառավարման համակարգերի ներդրում: Իսկ այդտեղ առաջատարը Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգն է, որի անդամ է նաև Ֆրանսիան: Մինչդեռ պատերազմից հետո հայկական անվտանգությունը հայտնվել է Ռուսաստանի խնամքի ներքո: Մոսկվան հազիվ թե սիրահոժար ընդունի միտքը, որ պետք է ապահովի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, իսկ Հայաստանն այդ ընթացքում իր զինուժը վերափոխի և արդիականացնի հյուսիսատլանտյան գործընկերների հետ սերտ աշխատանքով:
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ռուսական մոդելով ու համակարգով հայկական զինուժը չի կարողանալու հասնել անվտանգային այն չափանիշներին ու պահանջներին, որ բխում են ժամանակակից պատերազմների տեխնոլոգիական հագեցվածությունից և մեթոդաբանությունից:
Որքանով է Հայաստանն ունակ լինելու ճկուն մանևրել և արդյունավետ հանգուցալուծել դիլեման:








































