«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)։
– Պարոն Ասատրյան, հետպատերազմյան իրավիճակում ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի իշխանությունը տնտեսության վերականգնման համար։ Դրսից հետևելով՝ ինչպես եք գնահատում տեղի ունեցող զարգացումները։
– Յուրաքանչյուր տնտեսական իրավիճակի բարելավման նախապայմանը առաջին հերթին քաղաքական կայունության հաստատումն է: Դրան կարող են հասնել նրանով, որ հայտարարեն նոր ընտրությունների հստակ ժամկետները՝ դրանով բոլոր քաղաքական ուժերին տալով հնարավորություն և՛ ծրագիր կազմելու համար, և՛ նախապատրաստվելու համար: Դրանից բացի, այդ ընթացքում պետք է լուծվեն հետպատերազմյան խնդիրները, որքանով դա հնարավոր է: Այն խնդիրները, որոնք անլուծելի են, պետք է ինչ-որ սառեցման կետի հասցվեն, որպեսզի հաջորդ կառավարությունը հնարավորություն ունենա այդ սառեցված կետից շահավետ ձևով դրանով զբաղվելու: Դրա հետ միասին պետք է հասկանալ, որ նախկին իշխանությունը ներկայացնող ուժերը փորձելու են տապալել դա: Նրանք թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական, թե՛ լրատվական մեծ հնարավորություններ ունեն դա անելու համար: Պետք է փորձել այդ հարցերը չեղարկել և այնպես անել, որ նախկին իշխանավորները կարողանան այդ կայունացման պրոցեսը տապալել: Այդ իմաստով, ներկայումս բավականին վտանգավոր իրավիճակ է, որովհետեւ նախկինները պարզ հասկանում են, որ ժողովրդի քվեն իրենք յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ չեն ստանալու, այդ իսկ պատճառով էլ կփորձեն ապակայունացնել իրավիճակը: Հօգնություն դրա, կարելի է պրոցեսին ներգրավել այն դեմոկրատական, նորմալ քաղաքական ուժերին, որոնք կան Հայաստանում, և փորձել նրանց հետ միասին այդ բանաձևն իրագործել ու հասնել կոնկրետ մի հնարավորության, նրանց հետ նշանակել նոր ընտրությունների ժամկետները, որպեսզի բոլորը կարողանան այդ ընտրություններին պատրաստվել և իրենց քվեները հավաքել: Կարծում եմ՝ կայունացման պրոցեսում իրենց դերը կարող են խաղալ նաև Մինսկի խմբի ներկայացուցիչները. խոսքս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասին է, որոնք արտաքին քաղաքական դաշտում իրենց լուման կարող են ներդնել ՀՀ-ում կայունության խնդրի լուծման հարցում:
– ԿԲ–ն ներքին ու արտաքին շուկաներն ուսումնասիրելով՝ 0.25 կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5 տոկոս: Արդյո՞ք վերաֆինանսավորման բարձրացման հետևանքով ներդրումների կրճատում չի լինի, քանի որ փողը թանկանում է:
– Յուրաքանչյուր տնտեսագետ կարող է արձանագրել, որ նման քայլը, բնականաբար, վատ է անդրադառնալու ներդրումային շուկայի համար: Ես հասկանում եմ, որ ներկայիս կառավարությունը մեծ ֆինանսական սով է ապրում, բայց այդ ֆինանսները պետք է հայթայթվեն ուրիշ կերպով, որովհետև բիզնեսի ֆինանսավորումը իրենց համար թթվածին է, որը փակելով կամ ծորակը փոքրացնելով՝ մենք կստանանք հակադարձ ռեակցիա, որը լավ չի անդրադառնա ներդրումային մթնոլորտի վրա: Կառավարությունը միջոցներ կարող է հայթայթել այլ միջոցներից, ասենք, կառավարական ապարատի կրճատումից, տարբեր ծրագրերի կրճատումից, որոնք այնքան էլ այսօր արդյունավետ կարող են չլինել, նաև ընդհանուր պետական ծախսերի կրճատումներով: Դրա հետ մեկտեղ, կարծում եմ՝ ընդհակառակը, որպեսզի տնտեսական ակտիվություն մտցվի, որոշ չափով հարկային դաշտը պետք է թեթևացվի, թեկուզ փոքր բիզնեսի համար: Պետք է ինչ-որ մի բանաձև մտածել, կամ հարկային արձակուրդ հայտարարվի, կամ հարկերի չափերը փոքրացվեն ու ֆիքսվեն: Նման բան արվել է Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում՝ Չեխիայում, որտեղ ես եմ բնակվում: Օրինակ՝ անհատ ձեռներեցների համար ֆիքսել են հարկի գումարը, որը չնչին մի գումար է, մոտավորապես 100 եվրոյի սահմաններում է: Դա վերաբերում է այն ձեռներեցներին, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 40 հազար եվրոն: Ավելի մեծ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար էլ կարելի է նման ձևով ինչ-որ ուրիշ բանաձև մտածել, որը էլի կբերի հարկային մեխանիզմների պարզեցման: Դա հնարավորություն կտա, որ իմ նշած թթվածինը կստանան այն մարդիկ, որոնք ոչ միայն հետպատերազմական իրավիճակի պատճառով են տուժել, այլ նաև կորոնավիրուսի պատճառով: Մենք գիտենք, որ կորոնավիրուսի հետևանքով բիզնեսը մեծ կորուստներ է կրել: Ես հասկանում եմ, որ մեր պետությունը հնարավորություն չունի այդ կորուստները գոնե որոշ չափով փոխհատուցել, ինչպես Եվրոպայում կամ ԱՄՆ-ում է արվում: Եթե այդ հատուցումը չկա, գոնե դրա փոխարեն անել հարկային թեթևացում: Սա շատ կարևոր հարց է հիմա:
– Ներդրումների առումով ինչպե՞ս պետք է կարողանալ Հայաստանի շուկան գրավիչ դարձնել։
– Կան բազմաթիվ միջազգային օրինակներ, բանաձևեր, երբ կառավարության կողմից հաստատվում են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք պետք է ներդրողի համար շատ հետաքրքիր ծրագրեր լինեն: Դրա շնորհիվ հետաքրքրություն ստեղծվի արտասահմանյան ներդրումների համար: Որպես օրինակ կարող եմ բերել Վրաստանը, որ Սաակաշվիլիի օրոք Բաթում քաղաքի, և ոչ միայն Բաթումի հետ կապված, ինվեստիցիոն ծրագրեր կազմվեցին կառավարության կողմից, և իրենք դրա արձագանքն ստացան: Մենք հիշում ենք, թե ինչպիսի քաղաք էր Բաթումը նախքան Սաակաշվիլին, և ինչ է դարձել այդ ներդրումային ծրագրերի հաստատումից հետո: Դրանք ծրագրեր են, որտեղ ներդրողին առաջարկվում է շատ շահավետ պայմաններով ներդրումներ: Ներդրողները հետաքրքրվում և մասնակից են դառնում դրանց: Այդ ամենը կարող է տեղի ունենալ միայն քաղաքական և հետպատերազմյան կայունությունից հետո, որովհետև ոչ մի ներդրման մասին խոսք չի կարող լինել, եթե երկրում քաղաքական անկայուն վիճակ է: Կարծում եմ՝ այդ ծրագրերը կարող են իրագործվել նոր ընտրություններից հետո: Այն, ինչը ես ասացի, շատ կարճատև ժամկետների գործողություններ են: Այն, ինչ վերաբերում է ավելի երկարատև, ռազմավարական որոշումներին, դրանք արդեն պետք է արվեն նոր կառավարության կողմից՝ համապատասխան այն ծրագրերի, որոնք նրանք առաջ կքաշեն իրենց նախընտրական քարոզչության ժամանակ: Պետք է մեկ անգամ ևս նշեմ, որ Հայաստանը մեծ կարիք ունի ոչ միայն կարճատև որոշումների կամ տակտիկական լուծումների ներկայիս պարագայում, այլ մեծ ինստիտուցիոնալ բարեփոխումների, որոնք, ցավոք սրտի, ներկայիս կառավարությունը անցած 2.5 տարում չկարողացավ իրագործել: Եթե տեղի են ունեցել ինչ-որ բարեփոխումներ, դրանք կոսմետիկ բնույթ են կրել: Հուսով եմ, որ իմ նշած սցենարը ինչ-որ ժամանակ հետո կիրագործվի, և մենք կստանանք նոր ընտրյալ իշխանություն, կառավարություն, Ազգային ժողով, որը կկարողանա Հայաստանի առջև կանգնած խնդիրները մեկը մեկի հետևից լուծել: Ես չեմ բացառում, որ ներկայիս կառավարությունից մասնակցություն կլինի, որովհետև տեսնում եմ ներկայիս իշխանության մեջ բազմաթիվ հետաքրքիր քաղաքական գործիչների, որոնք բավական մեծ ապագա կարող են ունենալ, բայց դրա հետ մեկտեղ պետք է պարզ պատկերացնեն ներկա թե ապագա իշխանավորները, որ հարցերը պետք է լուծվեն ՀՀ-ում կոալիցիոն կերպով: Նաև պետք է հաշվի առնվի մնացած քաղաքական ուժերի առաջարկները, և հնարավորություն տրվի նրանց, որ կարողանան գան քաղաքական դաշտ:








































