Դեպի Ռուսաստան օդային սահմանը բացվել է փետրվարի 1-ից, և արդեն մարզերից, մասնավորապես Գեղարքունիքի մարզից, այս օրերին տղամարդիկ մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տարածվող տեղեկությունները, թե մեծ հոսք է սկսվել, գյուղերում խուճապային տրամադրություններ են, և մարդիկ ընտանիքներով լքում են Հայաստանը: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ:
Մասնավորապես, Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը տեղեկացրեց, որ ամեն տարի իրենց 6500 բնակիչ ունեցող գյուղից մոտավորապես 800-1000 հոգի գնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի. «Դե նախորդ տարի շատ քչերը գնացին, հիմա ճանապարհը բացվել է, շարժը սկսվել է, բայց չեմ կարող ասել, թե ինչքանը կգնան այս տարի: Արտառոց բան չկա»:
Հարցին, թե այս մեկ տարում ինչպե՞ս են լուծել իրենց սոցիալական խնդիրները, գյուղապետը պատասխանեց. «Մեկը՝ վարկով, մեկը՝ պարտքով, դժվարություններով, մեկը ինչ-որ աշխատանք է գտել, տարբեր շինարարություններում են աշխատել»:
Ինչ վերաբերում է ընտանիքներով մեկնելուն, գյուղապետը հերքեց նման լուրերը. «Չէի ասի, թե ունենք դեպքեր, որ ընտանիքներով մեկնում են: Դե նոր է բացվել, կարող է գնան, որոշ ժամանակ հետո ընտանիքի անդամներին կանչեն, բայց այս պահին նման բան չկա: Նաև հնարավորություն պետք է ունենան կանչելու. մարդիկ տոկոսով, վարկով տոմս են առնում, որ գնան, ո՞նց կարող են միանգամից ընտանիքով գնալ: Այս պահին մեկնածների թիվը երևի չի անցնի 100-ից: Պատկերացրեք, որ բոլորն էլ վերադարձողներ են, իրենք այստեղ են ապրում, մեկնում են միայն աշխատելու»:
Նմանատիպ պատասխաններ տվեց նաև Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը. «Մեր համայնքում ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ բնականոն հունով գնում է առաջ: Ամեն ինչ այնքան բնականոն է, որ չի էլ զգացվում՝ ով է գնում, երբ է գնում և այլն:
Դե եթե մարդը սովորաբար արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ այս մեկ տարում չի մեկնել, բնականաբար, նրա եկամտի վրա դա ազդեցություն ունեցել է: Շատերը կարողացան մեր երկրի ներսում գտնել շինարարական աշխատանքներ և որոշակի առումով իրենց ֆինանսական հարցերը լուծեցին»:
Նա տեղեկացրեց, որ իրենց գյուղից ևս ամեն տարի շուրջ հազար մարդ մեկնում է արտագնա աշխատանքի. «Հիմնական հոսքը լինում է մարտ-մայիս ամիսներին: Արդեն աստիճանաբար սկսել են մեկնել: Սովորական հունով մարդիկ գնում են, մարդիկ կան՝ հիմա են գնում, մարդիկ կան՝ սպասում են մարտին: Նախկինից տարբերվող մեծ հոսք չկա»:
Տեսակետը, թե պատերազմից հետո խուճապային տրամադրություն է, շատերը ցանկանում են ընդմիշտ ընտանիքներով հեռանալ Հայաստանից, համայնքի ղեկավարը հերքեց. «Կոնկրետ մեր համայնքում նման բան չի արձանագրվել: Ոչ մի խուճապ չկա, մարդիկ իրենց սովորական հունով ապրում են»:
Լուսանկարը՝ panorama.am-ի











































