Այսօր Հայաստանում կան էլեկտրոնային ստորագրության 6 հզ-ից ավելի օգտագործողներ: ԷԿԵՆԳ-ի տնօրեն Արթուր Ղուլյանն «Առաջին լրատվականի» հետ զրույցում օգտագործողների քանակի աճի միտումները բավարար գնահատեց:
«Էլեկտրոնային ստորագրությունները սկսել են տրամադրվել 2009 թ. հունիսից: Առաջին տարում օգտագործողների թիվն ընդամենը 100-150 հոգի էր, 2010-ին կար 4 հզ. օգտագործող, այսօր արդեն 6 հզ-ից ավելի, իսկ 2012 թ-ից սկսած օգտագործողներ թիվն ավելի արագ կաճի, քանի որ հարկային օրենքներով փոքր ու միջին ձեռնարկությունները նույնպես էլեկտրոնային եղանակով պետք է հաշվետվություն ներկայացնեն»,- ասաց Ա.Ղուլյանը:
Մեկ Էլ. ստորագրության արժեքը կազմում է 15 հզ. դրամ, տարեկան սպասարկման վճարը՝ 5 հզ. դրամ: Համակարգի ներդրման ժամանակ պաշտոնյաները վստահեցնում էին, որ բաժանորդների ավելացմանը զուգահեռ Էլ. ստորագրության արժեքը կնվազի մինչև 8 հզ. դրամ:
Հարցին, թե գնի նվազում սպասվո՞ւմ է, Ա.Ղուլյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և իրականում խոսքը վերաբերում է ՓՄՁ-երին, որոնց համար էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացումը 2012 թ. հունվարի 1-ից դառնում է պարտադիր: Ա.Ղուլյանը նշեց, որ գնի վերաբերյալ որոշումը կընդունվի մինչև տարեվերջ: