Մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետությունը և Իսրայելը պաշտոնապես հայտարարել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Համաձայնությունների ձեռքբերման հարցում որպես միջնորդ հանդես է եկել Միացյալ Նահանգները: Մոտ ապագայում սպասվում է, որ գերազանցապես մահմեդական բնակչություն ունեցող բալկանյան պետությունը դեսպանատուն կբացի Երուսաղեմում, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բալկանյան խմբագրությունը:
Կոսովոյի արտաքին գործերի նախարար Մելիսա Հարադինայ-Ստուբլան հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավոր չէր լինի առանց «Միացյալ Նահանգների օրհնության ու վճռական մասնակցության»: Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ համաձայնության հասնելու գործում ունեցած դերի համար և այդ իրադարձությունն անվանել է «կարևոր, հուզիչ պատմական քայլ»:











































