ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադառնալով Արցախի հարցում Թուրքիայի հետ գործակցության հանգամանքին նշել է, թե չի կարծում, որ դա երկարաժամկետ քաղաքականության տարր է: Ըստ Մեդվեդևի, Թուրքիան ունի դերակատարում, սերտ կապեր Ադրբեջանի հետ և դա հաշվի չառնել հնարավոր չէ և Ռուսաստանը գործում է ելնելով դրանից:
Մեդվեդևի տեսակետները հետաքրքրության արժանի կարող են լինել այն առումով, որ նա դեռևս շարունակում է դիտարկվել իբրև Պուտինի հնարավոր ժառանգորդ, եթե Ռուսաստանում իրադարձությունները զարգանան այն համատեքստում, որ կառավարող էլիտաները կայացնեն որոշում Պուտինի հեռանալու սցենարով իշխանության խնդրի հանգուցալուծման օգտին: Ընդ որում, երբ Մեդվեդևը պաշտոնանկ արվեց և նշանակվեց ԱԽ ղեկավարի տեղակալ՝ ինչի համար էլ ստեղծվեց այդ պաշտոնը, փորձագետները խոսեցին, որ դա նշանակում է, որ Պուտինը նրան այդուհանդերձ պահում է այսպես ասած պահեստայինների նստարանին: Այն, որ Թուրքիայի հետ Ռուսաստանը երկարաժամկետ առումով ռազմավարական մրցակից է, քան գործընկեր կամ դաշնակից, արծարծել ենք տարբեր առիթներով:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ու Թուրքիան պարբերաբար նաև պայմանավորվում են, և դժբախտաբար դա տեղի է ունենում հայկական շահերի ու կյանքերի հաշվին: Դրա պատճառն այն է, որ Թուրքիան հայերի թշնամին է, իսկ Ռուսաստանը համարվում է դաշնակից, բայց երբ դաշնակիցը ստիպված է լինում պայմանավորվել մեր թշնամու հետ նրա պայմաններով, դրանից տուժում է ՌԴ դաշնակից և Թուրքիայի թշնամի Հայաստանը: Իսկ պայմանավորվածությունները տեղի են ունենում Թուրքիայի պայմաններով, մի շարք գործոնների բերումով, առաջին հերթին և այն, որ Ռուսաստանը ներկայումս գտնվում է բավականին բարդ ու ծանր ներքին և արտաքին վիճակում, Արևմուտքի հետ դիմակայության ծանր ռեժիմում: Ռուսաստանը Թուրքիայի հետ փորձում է այսպես ասած լեզու գտնել ընդդեմ Արևմուտքի, բայց ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան էլ լավ է հասկանում՝ առանց Արևմուտքի ոչինչ է Ռուսաստանի դեմ, ըստ այդմ ունի կարմիր գծեր, որոնք չի անցնի Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: Հայությունը, Հայաստանը և Արցախը մնում են այդ բարդ և բազմաշերտ հանգույցի արանքում, որից ելք գտնելն ազգային անվտանգության կենսական հարց է:
Երբ Մեդվեդևը հայտարարում է, թե Թուրքիայի հետ Արցախի հարցում գործակցությունը երկարաժամկետ չէ, առաջանում է հարց, թե ո՞րն է ՌԴ ակնկալիքը՝ ուժեղանալ և Թուրքիային դուրս մղել ռեգիոնից, թե՞ պայմանավորվել ի վերջո Արևմուտքի հետ և Արևմուտքի աջակցությամբ վերստին ստանձնել ռեգիոնում որոշիչ դերը: Այդ իմաստով է նաև հատկանշական, թե ինչ է Մեդվեդևի հայտարարության տողատակում և արդյոք այն ռուսական իսթեբլիշմենտի ինչ տրամադրություններ է արտահայտում:
Խոշոր հաշվով, Հայաստանի համար ռեգիոնալ ստատուս-քվոն շահեկան և նպաստավոր տրամաբանության ներքո է հայտնվել Ռուսաստան-Արևմուտք պայմանավորվածության ռեժիմում: Մյուս կողմից, այդ ռեժիմի գալը գրեթե անիրական է թվում այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանում իշխանության կլինի Պուտինը:









































