Օրերս Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրեց Գագիկ Ջհանգիրյանին ու Դավիթ Խաչատուրյանին: Ի՞նչ կարող են նրանք անել ԲԴԽ-ում, կարո՞ղ է արդյոք ԲԴԽ-ում այնպիսի գործընթաց սկսվել, որը կկարողանա արմատապես փոխել վիճակը դատական համակարգում։ Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ, ով նշեց՝ ենթադրում է, որ, այո՛, նրանք կարող են դա անել:
«Ես Խաչատուրյանին չգիտեմ, բայց Գագիկ Ջհանգիրյանի իրավական գիտելիքները բարձր են: Ջհանգիրյանին փիլիսոփայության իրավունքի ինստիտուտից գիտեմ, նա պրոֆեսիոնալ է, իսկ թե որքանով դա բարոյական ուժի կվերածվի՝ կտեսնենք: Վերջին հաշվով աշխարհը Նապոլեոնն է զարգացրել, ոչ թե զանգվածները: Հիմա որ Արամ Մանուկյանը չլիներ, մեր երկրորդ հանրապետությունը կլինե՞ր։ Այնպես որ, անհատները կարող են դատական համակարգում փոփոխություններ անել։ Ճիշտը այն կլինի, որ ինքը հասկանա, ըմբռնի հեղափոխության գաղափարները և կարողանա կյանքի կոչել»,- ասաց նա:
Անդրադառնալով պնդմանը, թե դատական համակարգը առողջացնելու համար անհրաժեշտ է վեթինգ իրականացնել, քաղաքագետն ասաց. «Հիմա անունը վեթինգ կլինի, թե ուրիշ բան՝ էական չէ, թող սկսեն իրականացնել: Այդ երկուսը պետք է գիտակցեն, որ այս երկրի քայքայված վիճակի համար շանս են ստացել հայրենիքին և պետությանը օգուտ տալու։ ԲԴԽ-ն այս ընթացքում ցույց տվեց, որ ամբողջովին լյութոկրատական իշխանության մաս է և սպասարկում է նրանց շահերը: Ասում է՝ իբր թե անկախ է, սակայն անկախ է իշխանությունից: Այդ առումով նրանց ռեակցիան և աղմուկը հասկանալի էր»:
Նա նշեց, որ այսօր յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ պատերազմից հետո իրենից շատ բան է կախված. «Հիմա հարցը դրված է այսպես՝ մնո՞ւմ ենք որպես պետություն, թե՞ ոչ»։
«Դատական իշխանությունը իր անկախության անվան տակ վիժեցրել է պետության կայացումը։ Իրենք նախկինների մաս են: Եթե երկրում աղքատ դատավոր չկա, նշանակում է նախկինների մեծ մասն է: Միջին պրոֆեսորի աշխատավարձով ապրող դատավորի գիտե՞ք Հայաստանում»,- ընդգծեց քաղաքագետը:
Շիրինյանը հայտարարեց, որ Հայաստանում որկրամոլությունը բացարձակ թվեր է գրանցում, և պատերազմում պարտությունն էլ այդ պատճառով եղավ. «Կոռուպցիան կերավ բանակը, պետությունը և մեր կյանքը: Փոխանակ թնդանոթ գնեն, կայքէջ են բացում սեփական ժողովրդի դեմ պայքարելու համար։ Գիշեր-ցերեկ խառնում են ժողովրդի հոգին, հոգեբանական, տեղեկատվական պատերազմ են մղում սեփական ժողովրդի դեմ, հայ ժողովուրդը դրսից և ներսից հոգեբանական պատերազմի է ենթարկվում նրանց կողմից: Նրանք անգամ ուրիշի տեղաշոր են մտնում: Սա ամենացածր բնազդային գիտակցության մասին է խոսում, չունեն գիտակցություն, գավառամիտ են, գավառամտությունը մորթում է նրանց»:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի









































