Հարավային Կորեայի բնակիչները պահանջել են Սեուլի ազգային գերեզմանատանը հողին հանձնել այն հրշեջին, որը փրկել էր կատվին: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Հուլիսի վերջին 29-ամյա Կիմ Չեն Հենը ընկել և մահացել է՝ փրկելով կատվին Սոկչհո քաղաքի շենքերից մեկում բռնկված կրակից: Շուտով կորեացի բլոգերները ակցիա են սկսել, որպեսզի հրշեջին հողարկավորեն Սեուլի ազգային գերեզմանատանը, որը նախատեսված է հերոսների համար: Օրենքով այդ իրավունքից օգտվում են միայն այն հրշեջները, որոնք զոհվել են մարդկանց փրկելիս:
Այնուամենայնիվ շատ կորեացիներ, ինչպես նաև կենդանիների իրավունքների պաշտպաններ պնդում են, որ Կիմին պետք է ինչպես հարկն է հողին հանձնել: Բացի այդ, ակտիվիստները 1.6 մլն վոն (1,500 դոլար) են հավաքել և փոխանցել Կիմի հղի այրուն: Այդպիսով նրանք ցանկացել են իրենց շնորհակալությունը հայտնել նրանց անունից, ովքեր «չեն կարող խոսել»:
Սեուլի ազգային գերեզմանատանը թաղված են երկրի նախագահները, զոհված մարտիկները, հասարակական գործիչները: Թաղվածների շարքում են 1950-53 թվականների կորեական պատերազմում զոհվածները: Սեուլի ազգային գերեզմանատան այցելությունը մտցված է բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների ցուցակի մեջ:











































