Այս գիշեր երկար բանակցություններից և քննարկումներից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հաջողվեց Սիրիայի հարցով ինչ-որ փաստաթուղթ ընդունել: Ռուսաստանի միջամտությամբ՝ Անվտանգության խորհուրդը սահմանափակվեց հայտարարությամբ, այլ ոչ թե բանաձևի ընդունմամբ, ինչպես պնդում էր ՄԱԿ ԱԽ-ի անդամների մեծամասնությունը: Սակայն Ռուսաստանի վետոյից խուսափելու համար Անվտանգության խորհուրդը սահմանափակվեց հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նույն Ռուսաստանի միջամտությամբ՝ կոչն ուղղված է ոչ միայն Սիրիայի իշխանություններին, այլ նաև ընդդիմությանը: Ըստ այդմ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է մարդու իրավունքների խախտումները և խաղաղ բնակչության դեմ բռնությունների կիրառումը: Հայտարարության մեջ ասվում է, որ Դամասկոսը պարտավոր է «լիովին հարգել մարդու իրավունքները և կատարել իր պարտականությունները՝ ըստ միջազգային իրավունքի»:
Փաստաթղթում նաև ասվում է, որ ոչ միայն Բաշար Ալ-Ասադը և Սիրիայի կառավարությունը, այլ նաև ընդդիմությունը պետք է անհապաղ դադարեցնեն բռնությունները, լինեն հնարավորին չափ զուսպ և զերծ մնան վրեժի դրսևորումներից, մասնավորապես` պետական հիմնարկների վրա հարձակվելուց:









































