Business-Грузия-ի փոխանցմամբ՝ մեկ տարի անց Թբիլիսիից քիչ արևմուտք ընկած Լիսի լճի մոտ կավարտվի «Կանաչ քաղաք»-ի կառուցման առաջին փուլը։ Այս մասին հայտարարել է LISI Development ընկերության գլխավոր տնօրեն Կախա Կոլելիշվիլին։
Վերջինիս խոսքերով, ավարտված համալիրն ունենալու է 80 շենք և 5 վիլլա. «Նախագիծն, ըստ էության, եզակի է։ «Կանաչ քաղաք»-ի տարածքը կազմում է 355 հեկտար, կառուցումն ամբողջությամբ կավարտվի 5 տարի անց։ Ներկայումս ընթանում է առաջին փուլը, որը ներառում է 80 հեկտար տարածություն, ուր կառուցվելու է 80 (միայն) քառահարկ շինություն ու 5 վիլլա։
Նախագծի հիմքում ընկած է ամերիկյան ակադեմիաների սկզբունքը. տարածքի 75 տոկոսը կազմելու է կանաչապատ տարածքը, իսկ 25 տոկոսը՝ բնակելի շինությունները։ Շինարարության ժամանակ գործածվում են նոր տեխնոլոգիաներ, որոնք միտված են թե՛ շրջակա միջավայրի պահպանմանը, թե՛ մարդկանց անվտանգությանը։
«Կանաչ քաղաք»-ի վիլլաների մեծ մասն արդեն վաճառված է, իսկ մնացածի հարցով բանակցություններ են տարվում։ Գնորդները հիմնականում Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր ցանկանում են ապրել քաղաքային աղմուկից հեռու, հանդարտ և հարմարավետ միջավայրում։ Հետաքրքրություն են ցուցաբերում նաև արտասահմանաբնակ մեր քաղաքացիները։
Մեր հաճախորդներին առաջարկում ենք գնման պարզ և հասարակ ձև։ Այսինքն՝ նախ նրանք վճարում են շինության արժեքի փոքր մասը, իսկ մնացած մասի վճարումը սկսվում է միայն այն բանից հետո, երբ օբյեկտը լիովին պատրաստ է լինում։ «Կանաչ քաղաք»-ի նախագծի արժեքը գնահատվում է 120 միլիոն դոլար»։
Հիշեցնենք, որ երբ 2007 թվականին Վրաստանի կառավարությունն աճուրդի հանեց Լիսի լիճը, այն 182 միլիոն դոլարով գնեց վրացական GRDC Group ընկերությունը։ Լճի երկարությունը 800 մետր է, իսկ լայնությունը՝ 550 մետր։









































