Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու, որպես կրոնական համայնքի, գրանցման գործընթացին՝ հայտնեց.
«Կարծում եմ, որ գրանցման հարցում կրոնական դավանանքների և խմբերի՝ դեռևս ակտիվություն չցուցաբերելու պատճառը հետևյալն է. խմբերից մի քանիսն ակտիվորեն ծանոթանում են օրենքի հետ և խորհրդատվություն են ստանում իրավաբաններից: Պատճառներից մեկն էլ կարելի է համարել սպասողականության քաղաքականությունը: Ինչպես երևում է, պոտենցիալ սուբեկտներից շատերը, որոնք ցանկանում են գրանցվել, ձեռնպահ են մնում առաջինը գրանցվելուց, որը կարող է հիվանդագին ռեակցիա առաջացնել երկրի բնակչության վճռականորեն տրամադրված խմբերի վրա: Նաև չեմ բացառում, որ Վրաստանում ավանդականորեն ներկա գտնվող դավանանքներից և կրոններից մի քանիսը կարող են բանակցություններ սկսել Վրաց Ուղղափառ եկեղեցու հետ, որպեսզի կրոնական կազմակերպությունների պաշտոնական կարգավիճակ ստանալը հասարակության մեջ բարդություններ չառաջացնի և ավելի չսրի առանց այն էլ ոչ հասարակ հարաբերությունները Վրաստանում իշխող Վրաց Ուղղափառ Եկեղեցական համայնքի հետ»։
Առնոլդ Ստեփանյանի խոսքով՝ ինքնին հասկանալի է, որ հույսերի իրականացումը, որը կա ավանդաբար գոյություն ունեցող դավանանքների և կրոնների մոտ, կապված օրինակ, ունեցվածքի հետագա փոխանցման հետ, ըստ վերջին իրադարձությունների՝ հասարակության համար ոչ հիվանդագին ձևով կարող է անցնել միայն և միայն Վրաց իշխանությունների և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ կոնսենսուսի հասնելու հետևանքով, որի մասին անուղղակի կերպով ասվում է նաև օրենքին կից բացատրական գրության մեջ.
«Կարծում եմ, որ Վրաստանում ավանդաբար գոյություն ունեցող կրոնների համար հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն առաջին քայլի իրականացումը, այսինքն՝ գրանցումը, այլ նաև երկրորդի ոչ հիվանդագին իրականացման հեռանկարը»,- հավելեց Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավարը:










































