Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (Yüksek Askeri Şura, YAŞ) քառօրյա նիստը։ Առաջին օրը YAŞ-ի նիստը տևել է 1 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 7 ժամ։
Ակնկալվում է, որ նիստի արդյունքներով վարչապետ Էրդողանը և Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը որոշումներ կընդունեն բարձրագույն զինվորական հրամանատարության թափուր տեղերի համար։
Բացի այդ, YAŞ-ի նիստի օրակարգում է գտնվում մի շարք զինվորականների կոչումների բարձրացման հարցը։ Հատկանշական է, որ թեկնածուների այդ ցուցակում ընդգրկված են 14 զինվորականներ, որոնց անունները շոշափվում է Balyoz զինվորական հեղաշրջման գործի շրջանակներում։
YAŞ-ի նիստը տեղի է ունենում դռնփակ Գլխավոր շտաբի «Չաքմաք» սրահում։ YAŞ-ի ընդունած որոշումների մասին հասարակությունը կիրազեկվի վաղը՝ նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից հաստատվելուց հետո։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին հրաժարական են տվել Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Սեբահաթթին Ըշըք Քոշաները, ցամաքային զորքերի հրամանատար Էրդալ Ջեյլանօղլուն, ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Աքսայը և ռազմածովային ուժերի հրամանատար Էշրեֆ Ուղուր Յիղիթը։











































