ԱՄՆ փոխպետքարտուղարը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շաբաթավերջին այցելելու են Երևան և Բաքու՝ համանախագահության շրջանակում բանակցությունը վերսկսելու հնարավորությունը քննարկելու համար: Մինչ այդ, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարում են, որ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ փաստաթուղթը կարգավորում չէ, այն անպատասխան է թողնում Արցախի կարգավիճակի և մի շարք այլ հարցեր՝ կապված տեղահանված անձանց վերադարձի, Հայաստան-Արցախ հաղորդակցության միջանցքի և այլ խնդիրների հետ: Միաժամանակ, թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ֆրանսիան Ռուսաստանի առաջ բարձրաձայնում են Թուրքիայի դերին վերաբերող հարցեր:
Ռուսաստանն իր հերթին ակնարկում է, որ իր գործողությունները տեղավորվում են Մինսկի խմբի համանախագահության շրջանակում պայմանավորվածությունների մեջ: Այլ կերպ ասած, Ռուսաստանն ակնարկում է, որ արել է այն, ինչ տարիներ շարունակ քննարկվել է Մինսկի խմբում, պարզապես արել է Թուրքիայի հետ պայմանավորվածությամբ, հաշվի առնելով պատերազմի հանգամանքը: Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակում փոխադարձ այդ մեղադրանքները կամ դիտողությունները, որ հնչում են բացահայտ կամ տողատակերում, որքանո՞վ են հնարավոր դարձնում համանախագահության ձևաչափի ներքո հայ-ադրբեջանական բանակցության հեռանկարը: Սա, մեղմ ասած, բաց հարց է: Անկասկած է, որ այդ հեռանկարը Երևանում կամ Բաքվում հավանության կարժանանա, եթե դա նախապես հավանության արժանանա հենց համանախագահների շրջանակում: Եթե նրանք երեքը միասին այցելում են տարածաշրջան, կամ՝ դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում երեքը ընդունում են հայտարարություն, դա առերևույթ թվում է փոխհամաձայնության նշան, սակայն միմյանց հասցեին ուղղված հարցադրումները շարունակվում են մյուս կողմից՝ վկայելով, որ սկզբունքային համաձայնություն դեռ չկա: Այդ ֆոնին էլ Մոսկվան հայտարարում է, որ սկզբունքային տարաձայնություն չունի Թուրքիայի հետ: Այստեղ ակնառու է հակասությունների միջավայր, երբ Բաքուն կարող է դա օգտագործել Մինսկի համանախագահության շրջանակ չվերադառնալու համար, ինչպես տարիներ շարունակ օգտագործեց Վիեննայի հրադադարի մեխանիզմների օրակարգ թույլ չտալու համար, որ ԱՄՆ բանակցային սեղանի մեջտեղում դրեց Ապրիլյան քառօրյայից հետո: Երևանը հայտնում է համանախագահության ձևաչափի աշխուժացման շահագրգռություն, իսկ Բաքուն՝ ոչ: Եվ համանախագահների միջև լիակատար փոխհամաձայնությունը միայն կարող է Ադրբեջանին բերել ձևաչափ: Ընդ որում, խոսքը դեռ ձևաչափի վերադառնալու մասին է, և ոչ դրանում առարկայական բովանդակություն սկսելու:









































