«Օգոստոսի 1-ին Սևանա լճի Ծովագյուղի հատվածում ուժեղ քամին ափից հեռացրել է երկու հեծանվանավակներ և մեկ ջրային մոտորանավակ, որն անսարք էր: Դրանով զբոսանքի էին դուրս եկել մի քանի քաղաքացի: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչներ Վարդան Վարագյանը, 10-ամյա Վահրամ Վարագյանը, Սևան քաղաքի բնակիչներ Դավիթ Գուլանյանը, Վահե Մովսիսյանը, Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Գասպարյանը և ևս մեկը՝ Հակոբ անունով, ափից 1500-2000 մետր հեռացել էին, բախվել իրար, վթարի ենթարկվել և շրջվել»,- գրում է «Առավոտը» և հավելում.
«Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այդտեղ էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Տեղեկանալով կատարվածի մասին՝ նախարարը անձամբ հանձն է առել խեղդվողների փրկության գործը: Նախարարը մոտորանավակով հասել է խեղդվողներին և 1.5 ժամում նրանց հասցրել ափ: Ականատեսները մեզ հետ զրույցում պատմում էին, որ փրկվածները, չիմանալով, թե ով է իրենց փրկարարը, դիմել են նրան. «Հոպար, մերսի, մեռնելուց պրծանք. էթանք մի-մի թաս բան խմենք»: Նախարարը հրաժարվել է: Փրկվածներն ավելի ուշ են տեղեկացել, թե ով էր իրենց փրկարարը»:









































