Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մեկնաբանել է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հաղորդում է Die Zeit շաբաթաթերթը:
Նա ամերիկյան ընտրությունների օրն անվանել է «երջանիկ իրադարձություն Եվրոպայի համար»: Նրա խոսքով, ընտրական գործընթացի արդյունքները վերջ կդնեն միջազգային կազմակերպությունների թուլացմանը, ինչպես նաև «բազմակողմանիության էրոզիային»:
«Մենք կրկին կկարողանանք ամերիկացիների հետ խոսել այնպես, որ վեճերը տարաձայնությունների պատճառ չդառնան: Սա աներևակայելի առաջընթաց է՝ հաշվի առնելով այն, ինչին մենք ականատես ենք եղել»,- ընդգծել է Շտայնմայերը:
Նոյեմբերի 7-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել: Սակայն համաշխարհային շատ առաջնորդներ հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Բայդենին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի թագավորը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Թուրքիայի և Սլովենիայի նախագահները: