Պատերազմի հետևանքով երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում անհրաժեշտ էր մտածել և կատարել քայլեր, և թվում էր, թե էկոնոմիկայի նախարարի փոփոխությունը այդ ազդակներից մեկն էր: Եվ թվում էր, թե հաջող ընտրություն է կատարվել, սակայն մեկ ընտրությամբ ոչինչ չի փոխվում, պետք է լինի համակարգային փոփոխություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը:
Նրա խոսքով, սակայն, այս իշխանության տնտեսական բարեփոխումների բլոկը չի փոխվել, որը տապալել է տնտեսության զարգացումը և բերել պատերազմի այսպիսի աղետալի հետևանքների. «Հիմա այդ բլոկը մնացել է, փոխվել է ընդամենը մի նախարար»: Անդրադառնալով էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հայտարարություններին՝ Մովսես Արիստակեսյանը նշեց. «Զարմանալի էր, որ առաջին բառը, որ ասաց նորանշանակ նախարարը, դա սպառման խթանումն էր: Էկոնոմիկայի նախարարը պետք է խոսի առաջարկի խթանման մասին, ոչ թե պահանջարկի: Լինելով այն բիզնես ոլորտում, որը զբաղվել է հեշտ փող աշխատելով, ծառայություններ մատուցող բնագավառներով, նա մտածում է, թե դա է տնտեսության զարգացման շարժիչ ուժը»:
Խոսելով Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման մասին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Կարծում եմ, որ ռազմավարական տեսակետից բավականին տկար, նաև վտանգավոր առաջարկություններ է անում նոր նախարարը»: Նա տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը փաթեթ է ուղարկել նոր նախարարին. «Կրկին փորձելու սկզբունքով սա նորից ենք ուղարկում, որովհետև թավշյա հեղափոխությունից հետո այսպիսի փաթեթ ուղարկել ենք տարբեր պատկան մարմինների, նաև վարչապետին, սակայն դրանք մնացել են գզրոցներում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: