Մասնավոր այցով Մոսկվա մեկնած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ շատ գործարարներ հրաժարվել են հանդիպումից։
«Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ սա արդեն երկրորդ անգամ է, որ ՀՀ նախագահը գալիս է Ռուսաստան ու չի հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
«Ֆորմալ առումով ինչ-որ հայերի հետ գուցե հանդիպում է, բայց ես կարող եմ ասել, որ Ռուսաստանի համայնքային շատ կազմակերպություններ իրականում վիրավորվել են Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը կազմակերպողներից: Հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը չի եղել ո՛չ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչը, ո՛չ Ռուսաստանի միավորված հայերի ներկայացուցիչը, ո՛չ Համակարգող խորհրդի ներկայացուցիչը, որում ընդգրկված է նաև Ռուբեն Կիրակոսյանը: Վիրավորական է, որ ՀՀ նախագահը գալիս է, խոսում է միասնությունից, բայց դեռ չեկած՝ սկսում են վիրավորել իրենց գործողություններով: Աստված գիտի, թե ում են հրավիրել: Ես այնտեղ մի քանի հոգու էի ճանաչում, ՀՅԴ ներկայացուցիչ Ներսեսն է խոսել: Մնացածին չգիտեմ: Ֆորմալ գործարարներ էին, որոնք նստած էին: Այդպես չի կարելի՝ գալիս են ու միայն մի քանի գործարարների են հրավիրում, իսկ մենք մնում ենք ստվերում: Ստացվում է, որ մենք չունենք հայկական համայնք»,- վրդովված ասաց Արամ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հայկական համայնքներն այս օրերին գտնվում են սարսափելի վիճակում, և այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, շոկային էր, և որևէ մեկը չէր կարող սպասել, որ նման ամոթալի հայտարարություն կստորագրվեր։ Նա նաև նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունը հանդիպում է կազմակերպել, որի ժամանակ Արա Աբրահամյանը ներկայացրել է իրավիճակը. «Նա նոր էր վերադարձել Հայաստանից, ասաց, թե ինչ քաղաքական ուժերի հետ է հանդիպել, ինչ ծավալների վնաս է կրել Հայաստանը պատերազմից, ինչ ծավալների օգնության կարիք ունի, նաև հաշմանդություն ստացածներին օգնելու համար»։
Կան ներդրումներ անելու պլաններ Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու համար, Ռուսաստանի հայ գործարարներին էլ Արա Աբրահամյանը հանձնարարություն է տվել աշխատատեղեր բացել պատերազմում հաշմանդամություն ստացածների համար։ Կան նաև տներ կառուցելու պլաններ պատերազմի արդյունքում տները կորցրածների համար: «Ինքս էլ իմ աշխատավարձից անպայման հատկացում եմ անելու, մենք պետք է աջակենք այս պահին Հայաստանին»,- հավելեց Արամ Խաչատրյանը։










































