Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Օսլոյում հանդիպում է ունեցել իր նորվեգացի գործընկեր Յոնաս Գար Ստերեի հետ։ 45 րոպե տևած այդ հանդիպումից հետո կողմերը համատեղ մամլո ասուլիս են տվել։
Դավութօղլուն ընդգծել է, որ թուրք ժողովուրդն ահաբեկչության դեմ պայքարում աջակցում է Նորվեգիայի կառավարությանն ու ժողովրդին. «Ահաբեկչությունը կրոն և ազգ չի ճանաչում։ Թուրքիան ու Նորվեգիան պատրաստ են համատեղ պայքարել այդ չարիքի դեմ»։
Իր նորվեգական հատուկ այցը Դավութօղլուն պայմանավորել է համերաշխության արտահայտմամբ՝ հավելելով, որ մասնակցել է Նորվեգիայի ահաբեկչության արդյունքում զոհված 17-ամյա թրքուհի Գիզեմ Դողանի թաղման արարողությանը։
Հիշեցնենք, որ Նորվեգիա մեկնելուց առաջ էլ Դավութօղլուն լրագրողներին հայտարարել էր, որ եվրոպական երկրներն իզուր էին այդքան վախենում իսլամից. «Սրանից առաջ ահաբեկչությունը շարունակ շաղկապում էին իսլամի հետ։ Սակայն ահաբեկչությունը մարդկային հանցագործություն է, այն չի ճանաչում կրոնական, լեզվական կամ էթնիկ պատկանելություն։ Անհրաժեշտ է, որ ահաբեկչության դեմ պայքարեն բոլոր ազգերն ու կրոնները»։
Ի դեպ, Նորվեգիայի ահաբեկչությունից հետո թուրքական Taraf թերթը հայտնել էր, թե նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկի պատվիրատուն իսրայելական «Մոսսադն» է։









































