«Սկզբից դիվերսիոն խմբերով, հետո շարունակաբար այդ խմբերով տեղի է ունեցել ներթափանցում քաղաք (Շուշի), և ցավոք սրտի մենք կորցրել ենք Շուշին»,- այսօր կայացած ասուլիսին Շուշիի անկումն այսպես նկարագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի գնահատմամբ՝ ամենաշատ ապատեղեկատվությունը կապված է Շուշիի հետ, քանի որ ոմանք ասում են՝ Շուշին հանձնվել է։
Վարչապետն ընդգծեց, որ եթե Շուշին հանձնվել է, ապա ինչպես է այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում կատարել՝ նշելով, որ Շուշիի մատույցներից այս օրերին հանվել է շուրջ 150 հայ զինծառայողի մարմին.«Եթե Շուշին հանձնվե՞լ է, այդ զինվորները ու՞մ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել»,-հետաքրքրվեց Փաշինյանը։
Ասուլիսին վարչապետն անդրադարձավ նաև պատերազմից խուսափելու մեխանիզմին: Նա նշեց՝ կարող էինք խուսափել պատերազմից, եթե համաձայնեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, ներառյալ՝ Շուշին. «Բայց արդյոք դա էր այն քաղաքականությունը, որ մենք ուզում էինք վարել։ Ո՜չ, դա չէր այդ քաղաքականությունը։ Արցախի պաշտպանության բանակը, Հայաստանի կառավարությունը և մեր զինված ուժերը որոշեցին ընդունել այդ մարտահրավերը, որը նետված էր Հայաստանին։ Ցավոք, այդ մարտահրավերի ընդունումը չբերեց այն արդյունքներին, որը մենք բոլորս կցանկանայինք»,-նշեց նա։










































