Նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի հանրային տրամադրություններում վտանգավոր փոթորիկ ու տագնապ առաջացրեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի գրառումը Շուշիի հանդեպ վերահսկողության ամբողջական կորստի մասին: Այն, որ Շուշիի համար արդեն մի քանի օր մղվում են համառ ու ծանր մարտեր, պարբերաբար տեղեկացնում էին Հայաստանի ՊՆ խոսնակն ու ՊՆ ներկայացուցիչը: Նրանք հայտնում էին, որ մարտերը շարունակվում են, ու այդ ֆոնին ԱՀ նախագահի խոսնակի գրառումը, որ Շուշին կորսված է և վտանգի տակ է Ստեփանակերտը, ուղղակի ցնցեց հանրությանը: Ամբողջ հարցն այն է, որ այստեղ խնդիրը ինքնին ցնցվող հանրությունը չէ, կցնցվի՝ կանցնի, երբ հայկական ուժերը կպահեն Շուշին և հետ կշպրտեն այն գրավել փորձող թշնամուն:
Ամբողջ խնդիրն այն է, որ հանրային ցնցում առաջացնող և փաստորեն ռազմաճակատային իրավիճակի հետ հակասության մեջ մտնող այդպիսի գրառումը, այն էլ պատասխանատու կարգավիճակ ունեցող անձի գրառումը, կարող է ցնցել պաշտպանական համակարգը: Իսկ դա արդեն իր հերթին կարող է բերել լրջագույն խնդիրների: Որովհետև կա՛մ ուղիղ, կա՛մ հասարակության արձագանքի հայելային արտացոլումով, այդպիսի տեղեկատվական և հոգեբանական ցնցում առաջացնող գրառումները հասնում են կյանքի ու մահվան կռիվ տվող բանակին, զինվորին, սպային, հրամանատարին: Եվ այդ պարագայում դժվար է պատկերացնել անգամ, թե ինչ են մտածում նրանք այդ արձագանքները ստանալիս: Եվ առաջին հերթին, թերևս, մտածում են, թե ինչ քաղաքական իրավիճակ է թիկունքում, ինչ է կատարվում, ինչու են արվում տարօրինակ և տարակուսելի գրառումներ, օրինակ, Շուշին կորցնելու մասին՝ եթե մարդիկ այդ պահին կռվում ու կյանքի գնով պահում են Շուշին: Այդ մտորումները ուղղակի հարվածում են բանակին և խանգարում կատարել խնդիրները: Եվ թերևս պետք է նկատել, որ տեղեկատվական իրողությունների այս իրարամերժությունը մի երևույթ է, որը պատերազմի ընթացքում դրսևորվել սկսել է արդեն շաբաթներ և թերևս, ժամանակին չհավաստանշվելով, իր գագաթնակետին է հասնում այս օրերին, երբ թշնամին ճակատագրական մատույցներում է: Իհարկե, նա չի անցնի այդ մատույցները, որովհետև այնտեղ կանգնած է հայկական բանակը, թիկունքին ունենալով հայ հանրությունը: Պարզապես պետք է հնարավորինս արագ ձեռնարկվեն քայլեր հասարակության թիկունքից հասցվող տեղեկատվական հարվածները կանխարգելելու և ուղիները փակելու համար՝ լինեն դրանք կամա, թե ակամա, դիտավորությամբ, թե պարզապես թյուրիմացությամբ, մարդկային գործոններով պայմանավորված հարվածներ: Պատերազմի պայմաններում տեղեկատվական քաղաքականությունը պետք է գործի պատերազմի տրամաբանությամբ, պատերազմի օրենքներով:
Լուսանկարը՝ Photolure-ի










































