ՆԱՏՕ-ն կշարունակի Լիբիայում ռազմական գործողությունը մինչև «հաղթական ավարտ», չնայած կոալիցիայից Նորվեգիայի դուրս գալուն, ИТАР-ТАСС գործակալությանն ասել է Դաշինքի շտաբի աղբյուրը: Նրա խոսքերով, Նորվեգիայի որոշումը գործնականում չի ազդի «Միացյալ պաշտպան» գործողության տեմպերի և նպատակների վրա»:
Հուլիսի 31-ին 4 նորվեգական F-16 կործանիչներ իրականացրին պարեկային վերջին թռիչքը Լիբիայի օդային տարածքում: Նորվեգիան իր որոշումը բացատրում է 4 ինքնաթիռների շահագործման բարձր արժեքով:
Նախկինում մարտական թռիչքները դադարեցրել էին ԱՄՆ ինքնաթիռները՝ անցնելով երկրորդ պլան: Մարտական գործողությունների սկզբից Դաշինքի ուժերը 6493 հարվածային թռիչք են իրականացրել, և ըստ հաշվետվությունների՝ ոչնչացրել 15-20 ռազմավարական նշանակության օբյեկտ:







































