ՀՀ արգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Արցախի հարցով խորհրդակցություններին: Նախօրեին էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Հայաստանին ու Ադրբեջանին մարդասիրական նպատակներով հրադադար հաստատել Արցախում` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար: Թեմայի շուրջ «Առաջին Լրատվական»-ը զրուցել է «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի և արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:
«Կարծում եմ ընդհանուր առմամբ այդ հայտարարությունը ինչ-որ տեսանկյունից ուշացած էր, որովհետև հայկական կողմը քանիցս նշել է՝ այդ խնդիրը պետք է կազմակերպել, և միջազգային հանրությունն էլ առանձին խաղացողների մասով հնչեցրել է հիմնախնդիրը: Բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը ընդառաջ չէր գնում այդ կոչերին, և առհասարակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերին: Այս ամենը թույլ է տալիս ասել, որ Ադրբեջանի Թուրքիայի հետ խնդիր է դրել շարունակելու ռազմական գործողությունները, ըստ էության հայկական կողմը չի կարող համարժեք պատասխան չտալ: Իհարկե մենք քանիցս նշել ենք, որ խաղաղության կողմնակից ենք, բայց խաղաղություն պետք է պարտադրել ռազմի դաշտում»,-ասաց Վերանյանը՝ հավելելով, որ Ռուսաստանի արձագանքը ուշացած է՝ հաշվի առնելով շատ կարևոր երկու հարց. նախ Արցախում թիրախավորվում է խաղաղ բնակչությունը, և Ռուսաստանը պետք է սկզբունքային մոտեցում ցուցաբերի, և երկրորդ՝ Ռուսաստանն ըստ էության կարող էր շատ ավելի առարկայական ներգրավվածություն ունենալ, քանի որ իր անմիջական և կենսական նշանակության գոտում են տեղի ունենում պատերազմական գործողությունները, որոնց բացահայտ միջամտել է Թուրքիան:
Արմեն Պետրոսյանն իր հերթին արձանագրեց, որ պատերազմի ամեն նոր օրն ավելի անկառավարելի է դարձնում այս հակամարտությունը: Նրա խոսքով՝ այս հակամարտության և տարածաշրջանի դերակատարների քաղաքականության համատեքստում երկու նրբություն կա, որ պետք է առաձնացնել. Ռուսաստանի-Ադրբեջանի կամ Թուրքիայի դիրքորոշում և դրանց ղեկավարների դիրքորոշում: «Մի բան է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ կարող է լինել ԱԳՆ-ի կամ նախագահի խոսնակի մակարդակով, մեկ այլ բան՝ անձի մակարդակով: Սա արդեն փոխում է կալիբրը: Պուտինի անձամբ միջամտությունը հստակ ուղերձ է: Ադրբեջանն այլևս մանևրելու տեղ չունի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































