Այսօր ՀՀ Հանրային խորհրդի հրավիրած նիստում ՀԽ կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով հանձնաժողովի՝ կրոնի հարցերով ենթահանձնաժողովը քննարկեց Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը:
ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Սամվել Բադալյանի խոսքով՝ ենթահանձնաժողովը հրավիրվել է մանրամասն քննարկելու նախագիծը, տեսնելու լրացումների ու փոփոխությունների օրինաչափությունը, դրանց համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։
Թե ինչո՞վ է տարբերվում նախկին նախագծից՝ Ս. Բադալյանը հայտնեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ 2009 թ.-ի փետրվարին օրենքում փոփոխություններ կատարելու մասին մի խումբ ԱԺ պատգամավորներ հանդես են եկել հայտարարական նախաձեռնությամբ և ներկայացվել է օրենքի նախագիծ, որն առայժմ օրենքի ուժ չի ստացել։ Հետո նախագծի օրինակն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության, որտեղ չի անցել փորձաքննությունը, որովհետև այս նոր նախագծի առաջին տարբերակի մեջ կան հոդվածներ, որոնք հակասում են մեր Սահմանադրությանը, հետո կառավարությունը լրացումներ մտցրեց։ Այսօր էլ Արդարադատության նախարարությունը ներկայացրել է այդ օրենքի երրորդ տարբերակը»։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Լիանա Ղանթալխչյանը ներկայացրեց այն մի քանի դրույթները, որոնք ենթարկվել են փոփոխությունների:
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ հայր Հովակիմ սրբազանը հեռացավ քննարկումից՝ ասելով, որ չի կարող մի բան քննարկել, որի մասին Հայ Առաքելական եկեղեցին տեղյակ չէ։ Նա նաև հայտնեց, որ այս ոլորտով զբաղվում են մարդիկ, ովքեր «կիլոմետրով» հեռու են հավատքից ու եկեղեցուց։ Նախարարության ներկայացուցչի խոսքով, փոփոխությունների նախագիծը երկու շաբաթ առաջ տեղադրվել է Արդարադատության նախարարության կայքում։








































