Նիկոլաս Էսկոբարը, որը նարկոբարոն Պաբլո Էսկոբարի զարմիկն է, հայտարարել է, որ գտել է իր հարազատի լեգենդար պահոցը: Դրանում 18 միլիոն դոլարի փտած թղթադրամ է եղել, հաղորդում է կոլումբիական Red+ պարբերականը:
«Պահոցում 18 միլիոն դոլար կանխիկ գումար է հայտնաբերվել, որը չի օգտագործվել շուրջ 30 տարի և պիտանի չէ օգտագործման համար, գրամեքենա, որի վրա տպվել են այն ժամանակվա կարևոր փաստաթղթերը, ոսկե գրիչ և Rolex ժամացույց»,- ասել է Նիկոլաս Էսկոբարը:
Նա հավելել է, որ պահոցը գտնվել է կոլումբիական Մեդելին քաղաքում: Դրանում նաև ոսկու ձուլակտորներ են եղել, լուսանկարչական ապարատ և ինքնաձիգի փամփուշտներ:
Իր հերթին, նարկոբարոնի հարազատ եղբայրը՝ Ռոբերտո Էսկոբարը, պարբերակլանին հայտնել է, որ հայտնաբերված պահոցի մասին տեղեկությունները կեղծ են:
1980-ականներին նարկոբարոն Պաբլո Էսկոբարը գլխավորում էր ԱՄՆ-ում ամենաորոնվող թմրավաճառների ցուցակը: Նա համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը. Էսկոբարը սպանվել է 1993 թ.-ին՝ հատուկ գործողության արդյունքում: