Մարզերում համեմատաբար մեղմ են վերաբերվում վարորդներին, իսկ Երևանում, պայմանավորված մարդկանց սոցիալական վիճակով, անհամեմատ մեծ տուգանքներ են կիրառում նրանց նկատմամբ: Այդ մասին այսօր տեղեկացրեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով «Ճանապարհային ոստիկանության կոռուպցիայի դեմ պայքարը մարզերում» ծրագրի ամփոփման ժամանակ: Նրա խոսքով՝ 3 տարի առաջվա համեմատ գրանցվել է կոռուպցիոն ռիսկերի նվազում, թեև որոշակի աճ է գրանցվել ԱՊՊԱ-ի ներդրումից հետո:
Է.Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հրաժարվում են վարորդներին անգամ դատարանում ցույց տալ նրանց վերագրվող խախտումների մասին վկայող՝ տեսախցիկներով կատարված տեսաերիզները:
«Տեսուչ եմ, խոսքիս տերն եմ, ցույց չեմ տա»,- վկայակոչեց նա՝ պնդելով, որ սա է ավտոտեսուչների պատասխանը վարորդներին:
ՀԿ նախագահը ահազանգեց նաև, որ տեսուչները նույնիսկ սկսել են հանել վարորդների մեքենաների համարանիշները՝ «գերազանցելով իրենց լիազորությունները»:
«Զարմանալի է, հանգիստ ապրում էինք մեզ համար»,- դժգոհեց Է.Հովհաննիսյանը՝ մեջբերելով Ճանապարհային ոստիկանապետի խոսքերը, որն ասել էր՝ «լավ ենք անում, հանում ենք»:
Ամփոփելով վերջին 6 ամսում ավտոտեսուչ-վարորդ «շփումները»՝ վարորդների իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ 6-ամսում իրենց կազմակերպությունում գրանցվել է ընդհանուր առմամբ 1945 զանգ, գրասենյակ է այցելել 304 մարդ, մարզերից ստացվել է 336 զանգ, որից 254-ը՝ վերջին 3 ամսում:
Ծրագրի շրջանակում հայցերով կամ հակընդդեմ հայցերով վարչական դատարան են դիմել 49 անգամ:
«Վարորդների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարզերում» դրամաշնորհի շրջանակում իրականացված ծրագիրը կյանքի է կոչվել USAID-ի հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացիոն ծրագրի շրջանակում, որի նպատակն է նվազեցնել կոռուպցիան մարզերում և Երևանի ճանապարհային ոստիկանությունում, պայքարել ոստիկանության դեմ:









































