ԱՄՆ Սենատը նախաձեռնել է սեպտեմբերին հակամենաշնորհային վարույթ իրականացնել Google ընկերության դեմ: Կասկածներ կան, որ Google-ը չարաշահում է որոնողական համակարգերի շուկայում ունեցած իր դիրքը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Սպասվում է, որ ամերիկյան Կոնգերսի Վերին պալատի համապատասխան հանձնաժողովը կհարցաքննի ընկերության ղեկավար Էրիկ Շմիդտին: Վերջինս արդեն հայտարարել է, որ ընկերությունը իրենց նկատմամբ սկսված վարույթի ժամանակ կհամագործակցի ամերիկյան հակամենաշնորհային մարմինների հետ:
Google-ի մենաշնորհային գործունեությամբ հետաքրքրվել է նաև ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որին հետաքրքրում է AdMeld գովազդային ընկերությունները գնելու Google-ի մտադրությունը: