Թուրքիան գերմանական ռազմական ինքնաթիռին արգելել է Հայաստան թռչել իր օդային տարածքով: Ինքնաթիռը պետք է ժամանակին տեղ հասցներ Աֆղանստանում իրենց առաքելությունն իրականացնող հայ խաղաղապահներին, հաղորդում է Der Spiegel-ը:
Հուլիսին ինքնաթիռը Գերմանիայից Հայաստան էր թռչում Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո ծառայող հայ խաղաղապահներին տեղափոխելու համար: Լրատվամիջոցները նշել են, որ թուրք դիսպետչերը, առանց որևէ պատճառի, ինքնաբուխ կերպով, մերժել է ռազմական ինքնաթիռին Թուրքիայի օդային տարածքով թռիչքի թույլտվություն տալ: Խնդիրը չեն լուծել նաև Թուրքիայի իշխանությունները. Գերմանիան ստիպված էր ավելի երկար ճանապարհով ինքնաթիռ ուղարկել Հայաստան՝ օգտագործելով Ռուսաստանի օդային տարածքը, և միայն օգոստոսի կեսերին է հնարավոր եղել տեղափոխել հայ խաղաղապահներին:
Spiegel-ը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները միմյանց թույլ են տալիս թռչել իրենց օդային տարածքով: Այս կապակցությամբ գերմանացի զինվորականները միջադեպն Անկարայի կողմից կանխամտածված սադրանք են համարում: Լրատվամիջոցները հիշեցնում են Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, դիվանագիտական հարաբերությունների բացակայության, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման մասին: Նշվում է նաև, որ Թուրքիայի կառավարությունը մինչ այժմ հրաժարվում է ճանաչել 1.5 միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանությունը: